Բաժիններ՝

Չինաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը գերազանցել է 2,7 հազարը, մահացել է 80 մարդ

Վերջին տվյալների համաձայն՝ ՉԺՀ-ում կորոնավիրուսով հիվանդացածների քանակը գերազանցել է 2,7 հազարը, մահացել է 80 մարդ: Վարակման դեպքերի մեծամասնությունը (1423, 76 մահացած) բաժին է ընկնում Հուբեյի կենտրոնական նահանգին եւ դրա վարչական կենտրոն Ուհանին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ինտերֆաքսը», վկայակոչելով ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեն, ճշտում է, որ մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 769-ով, ընդամենը երկրում հաստատված է 2794 ախտորոշում, կասկածանքի տակ է եւս ավելի քան 3,8 հազար մարդ:

Ինչպես հաղորդել է «Փեյփեր» լրատվական պորտալը, ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեյցանը հունվարի 27-ին տեսչական ստուգման համար ժամանել է Ուհան քաղաք, որտեղ նոր տիպի թոքաբորբի բռնկում է տեղի ունեցել: Պորտալի տվյալներով՝ Չինաստանի կառավարության ղեկավարն այցելել է հիվանդանոցներ, որտեղ գտնվում են ախտահարվածները: Բացի դրանից, նա մտադիր է տեղերում անմիջականորեն ծանոթանալ իրադրությանը, շփվել բժիշկների հետ, որոնք զբաղվում են թոքաբորբով վարակված բնակիչների բուժմամբ:

Չինաստանի իշխանությունները որոշում են ընդունել ամանորյա պաշտոնական արձակուրդը երկարաձգել մինչեւ փետրվարի 2-ն, ասված է ՉԺՀ-ի Պետխորհրդի կարգադրության մեջ: Մինչեւ այդ պաշտոնական արձակուրդը եղել է հունվարի 24-ից մինչեւ 30-ը, հունվարի 31-ը համարվել է առաջին աշխատանքային օրը:

Ինչպես չինացի համաճարակաբաններին հաջողվել է պարզել, կորոնավիրուսի աղբյուր է դարձել միսը, որը վաճառել են Ուհան քաղաքի շուկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս