Ապրիլյան գործողությունների ժամանակ ռազմաբժշկական ծառայությունն իր առջև դրված խնդիրները գերազանց է կատարել. Սահակ Օհանյան
Բժշկագիտությունն ապացուցել է՝ մարտական բոլոր գործողություններն ունեն իրենց սանիտարական կորուստների տոկոսը, որի մեջ մտնում են նաև անդառնալի կորուստները: Եվ՛ արցախյան պատերազմը, և՛ 2016-ի ապրիլյան ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ հայկական ռազմական բժշկությունն այնպիսի զարգացում է ապրել, որ կայացված որոշումները, անգամ պահի տակ՝ երբեմն չգիտակցված, եղել են ճիշտ, ինչի արդյունքում քիչ կորուստներ ենք ունեցել:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը:
«Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ շրջանառվեց «ոսկե ժամ» հասկացողությունը: Դա այն ժամանակն է, որի ընթացքում մենք կարողանում ենք որակյալ բժշկական օգնություն ցույց տալ: Այսինքն՝ այդ ժամանակը որքան կարճ է լինում, այնքան հնարավորություն է լինում, որ անդառնալի կորուստ չենք ունենալու: Ապրիլյանի ժամանակ միջազգային, ռուսական ստանդարտների համադրմամբ՝ մեր գործընկերները կարողացան այդպիսի ցուցանիշներ արձանագրել: Ասում էին՝ սա հայկական տարբերակն է, իրականում այդպես է: Հիմա մենք աշխատում ենք այդ տարբերակի զարգացման ուղղությամբ, խնդիրներ են դրվում մեր առջև վերադասների կողմից: Ժամանակ կգա, երբ այս հայկական տարբերակը կիրառելու են նաև այլ երկրներում»,- նշեց գնդապետը:
168.am-ի հարցին, որ խոսակցություններ կային, որ ապրիլյան գործողությունների ժամանակ համապատասխան բուժսարքավորումներ չեն եղել, չի մատուցվել անհրաժեշտ բուժօգնություն, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը պատասխանեց՝ դրանք չեն համապատասխանում իրականությանը, ռազմաբժշկական ծառայությունը և ռազմաբժիշկներն իրենց առջև դրված խնդիրները գերազանց են կատարել:
«Ռազմաբժշկական ծառայությունն այն քչերից էր, որին ապրիլյան պատերազմից հետո երկրի այդ ժամանակվա ղեկավարը բարձր է գնահատել»,- ասաց Օհանյանը: