«Դե, քուանշ, ուրեմն: 20 օր ժամանակ կա». Ալեն Սիմոնյանի վերջնագիրը` «Բարգավաճ Հայաստանին»

Երեկ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը, գրել էր.

«Խորհրդարանի իշխանական ուժի ինքնասիրահարված որոշ պատգամավորների, որոնք բախտի բերմամբ են հայտնվել իրենց աթոռներին և մինչ օրս չեն հասկացել իրենց անելիքը Ազգային ժողովում, ամենալավ պատիժը կլինի այն, որ մի հնարքով խորհրդարանը ցրվի, ու հլը տեսնենք, թե իրենք ինչով են զբաղվելու:

Էտ խմբում կան մարդիկ, որ «Գինդ» թերթով 3 տարի աշխատանք հայցելուց հետո անգամ մնալու են գործազուրկ, մինչդեռ այսօր ձայնները տաք տեղից է գալիս:
Հա, ի դեպ, այդ հնարքը երկու ընդդիմադիր խմբակցությունների լրիվ հրաժարականն է, ինչի արդյունքում ԱԺ-ն կլուծարվի… Անձնական կարծիք էր…»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը այս գրառման կողքով անտարբեր չէր անցել, ու այս գրառումը ստիպել էր Ա. Սիմոնյանին ԱԺ ամբիոնից վերջնագիր ներկայացնել ընդդիմադիր խմբակցություններին:

Դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներին՝ Ալեն Սիմոնյանն ասաց, թե ԲՀԿ-ի հետ անհնար է պայմանավորվել, որ նրանք կխոսեն միայն օրենքներից ու պառլամենտարիզմից, իսկ հետո դահլիճից դուրս «ֆիլմեր եք սարքում ու սկսում եք գրառումներով վիրավորել ինձ ու իմ գործընկերներին»:

«Դե, քուանշ, ուրեմն: 20 օր ժամանակ կա, որի ընթացքում հնարավորության պարագայում առաջարկում եմ մանդատները վայր դնել կամ դուրս գալ վերջնականապես այդ ոճից: Հանգի՛ստ թողեք Ազգային ժողովը Պետրոսյան Գևորով, հանգի՛ստ թողեք: Բավական է, որովհետև մյուս անգամ արձագանքները շարունակելու են լինել շատ և շատ ավելի խիստ»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս