Ցմահ ազատազրկման դատապարտված Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց

Ցմահ ազատազրկման դատապարտված և 24 տարի բանտում անցկացրած Աշոտ Մանուկյանն այսօր Վերաքննիչ դատարանի դատավոր Մնացական Հարությունյանի որոշմամբ ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճից:

«Աշոտ Մանուկյանն արդեն ազատության մեջ է: Զբաղվում է իր անձնական հարցերով: Դատարանի դահլիճից է ազատ արձակվել Աշոտ Մանուկյանը, քանի որ նմանատիպ դատական ակտերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: Եթե դատարանը որոշեց ազատ արձակել նշված պատժից, ապա հենց այդ պահին պետք է ազատ արձակվի, ինչը և կատարվեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մանուկյանի փաստաբաններից Միհրան Պողոսյանը:

Աշոտ Մանուկյանին երեք զինծառայողի սպանության համար նախ դատապարտել էին մահապատժի, այնուհետև՝ 2003 թվականին, նոր քրեական օրենսգիրք ընդունելուց հետո մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ: Նա միակ դատապարտյալն էր, ում ներել էին սպանված զինծառայողների ծնողները:

Դատարանը իր լիազորությամբ Աշոտ Մանուկյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելով՝ նրա նկատմամբ  նշանակել է 10 տարի ժամկետով փորձաշրջան, որի ընթացքում որևէ խնդրահարույց գործողություն չիրականացնելու դեպքում Մանուկյանը ամբողջապես կհամարվի ազատ արձակված:

«Պետությունը ազատ արձակելուց որոշակի պարտականություններ է սահմանել Աշոտ Մանուկյանի վրա: Օրինակ՝ առանց համապատասխան մարմինների տեղյակ պահելու մշտական բնակության վայր չփոխելը, կամ այն, որ նա պարտավոր է վերասոցիալականացման աշխատանքներին մասնակցել: Այդ պարտականությունները որևէ կերպ չեն սահմանափակում իր ազատության իրավունքը, և որոշակի պարտականությունները, որը ստանձնեց Աշոտ Մանուկյանը, կիրականացնի, ես վստահ եմ»,- 168.am-ին ասաց Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վահե Խալկաթյանի նախագահությամբ մերժել էր Աշոտ Մանուկյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարույթունյանն էլ այսօր բեկանեց առաջին ատյանի դատարանի այդ որոշումն ու ազատ արձակեց Մանուկյանին:

Տեղեկացնենք, որ Աշոտ Մանուկյանը Հայաստանի Հանրապետության  պատմության մեջ դրսևորած դրական վարքի հիմքով ազատ արձակված երկրորդ ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031