Ֆիլիպինների նախագահը հրաժարվել է ԱՄՆ այցից սենատորին այցագիր չտալու պատճառով
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն որոշել է մարտին այցով չմեկնել ԱՄՆ եւ սկսել է ամերիկացի զինվորականների համար պարզեցված այցագրային ռեժիմի պայմանագրի չեղարկման ընթացակարգը: Ինչպես հունվարի 24-ին հայտնել Է Manila Bulletin թերթը, այդ որոշումը պետության ղեկավարն ընդունել է ֆիլիպինցի քաղաքական գործչին այցագիր տալու հարցում Վաշինգտոնի մերժումից հետո։
«Նա (նախագահ Դուտերտեն) ասել է, որ չի մեկնի: Չի մեկնի շատ պատճառներով, դրանցից մեկը այցագիր չտալն է սենատոր Ռոնալդ դե լա Ռոսային»,- մեջբերում է թերթը նախագահի մամուլի քարտուղար Սալվադոր Պանելոյի խոսքը: Պանելոն նաեւ հավելել է, որ պետության ղեկավարի նախաձեռնությամբ կսկսվի ԱՄՆ-ի եւ Ֆիլիպինների միջեւ զինծառայողների համար պարզեցված այցագրային ռեժիմի վերաբերյալ պայմանագրի չեղարկման ընթացակարգը:
Ավելի վաղ Դուտերտեն անձամբ էր խոստացել դադարեցնել համաձայնագրի գործողությունը, եթե սենատորին այցագիր չտրամադրվի: Ինչպես պարզաբանում է թերթը, սենատորին այցագիր չտալը նախագահի կողմից դիտվում է որպես Վաշինգտոնի միջամտություն Մանիլայի գործերին:
ԱՄՆ-ի բյուջեի մասին օրենքը, որը նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է հունվարի սկզբին, ներառում է դրույթ ԱՄՆ ֆիլիպինցի այն պետական պաշտոնյաների մուտքի արգելման մասին, որոնք կապված են ընդդիմադիր քաղաքական գործիչ Լեյլա դե Լիմայի դեմ դատավարության հետ: Այդ դրույթը կիրառվել է սենատոր Ռոնալդ դե լա Ռոսայի նկատմամբ: Ավելի վաղ ABS-CBN հեռուստաալիքը հայտնել է, որ Դուտերտեն քննարկում է Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) եւ ԱՄՆ-ի հատուկ գագաթնաժողովին մասնակցելու հնարավորությունը, որը կարող է կայանալ մարտին Լաս Վեգասում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: