Մարտի 1-ի ողբերգությունը չպետք է սահմանափակվի մեկ քրեական գործի շրջանակներում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն, ի պատասխան Վիկիլիքսի գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ հարցման, նշել է, որ ըստ իրենց քաղաքականության՝ մեկնաբանություններ չեն տալիս գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթերի վերաբերյալ և խստիվ դատապարտում են անհատների կամ կազմակերպությունների կողմից գաղտնի տեղեկությունների միտումնավոր ու չթույլատրված հրապարակումը, որը կարող է ռիսկեր ստեղծել մարդկանց կյանքի համար և վտանգել իրենց ազգային անվտանգությունը։

Փաստորեն, ոչ հաստատելով, ոչ էլ հերքելով վիկիլիքսյան գաղտնազերծված տեղեկատվությունը, ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է դիրքորոշում, որը լիովին հասկանալի և ընդունելի է։ Մենք կիսում ենք դեսպանատան մոտեցումը, որ շուրջ 12 տարի առաջ Վիկիլիքսի կողմից պետական և գաղտնի փաստաթղթերի հրապարակումը անթույլատրելի էր, քանի որ այն վտանգում է մարդու կյանքը և ազգային անվտանգությունը։

Մենք էլ ենք կարծում, որ ՀՔԾ պետը 2018թ. օգոստոսի 3-ին հանրային հեռուստաընկերությամբ եթերի ժամանակ, որպես Արմեն Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հիմք Վիկիլիքսի տվյալները ներկայացնելիս, պետք է առաջնորդվեր նույն սկզբունքով։ Առավել ևս որ հարուցվող քրեական գործի պարագայում լրացել էին վաղեմության ժամկետները։ Երևի հիշում եք նաև, թե ինչպիսի ջանասիրությամբ էր այդ լուրը ազդարարվում հանրայինի եթերում։

Անթույլատրելի է Վիկիլիքսի տվյալները քրեկան գործի հիմքում դնելու հանգամանքը։ Գաղտազերծված տվյալները կարող էին դառնալ քննարկման առարկա բացահայտված խնդիրները վերհանելու և հետագայում նմանատիպ զարգացումները կանխելու, ճիշտ հետևություններ անելու, բայց ոչ երբեք մարդու դեմ օգտագործելու, նրա իրավունքները այդկերպ ոտնահարելու համար։

Լիովին հասկանալի է ԱՄՆ դիրքորոշումն իրենց պետության անվտանգության առումով։ Նույնը մեզ է վերաբերում։ Մենք Վիկիլիքսի միջոցով ենք իմանում, որ մինչև մարտի  մեկի ողբերգությունը, մենք ունեինք բացառիկ հնարավորություն խուսափել բախումներից, որ ամերիկյան կողմը շատ օպերատիվ ստանձնել է միջնորդական առաքելություն, իսկ Քոչարյանը դրսևորել է վճռականություն՝ ամեն կերպ խուսափել բախումներից, երաշխավորել է թույլ տալ անցկացնել ցանկացած այլ հանրահավաք, գտնել իրավիճակի հանդարտ լուծումներ, և որն ըստ էության կասկածի տակ է դնում սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը։

Մեր երկրի ազգային անվտանգությունը պահանջում է մարտի 1-ի ողբերգությունը չսահմանափակել մեկ քրեական գործի շրջանակներում, այսպես մենք բաց ենք թողնում ավելի լուրջ խնդիրներ։ Վիկիլիքսի հրապարակումներում գաղտնազերծվող տեղեկատվությունը, որպես երրորդ կողմ, որպես երրորդ հայացք, մարտի 1-ը ծնող ավելի խորքային պատճառներ է բացահայտում, որը վստահաբար այս քրեական գործի շրջանակներից դուրս է։ Մեր ազգային անվտանգությունն է պահանջում գտնել դրանց դիմակայելու երաշխիքները, դրանով իսկ կանխել երբևէ կրկնվելու հնարավորությունը։

Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Տեսանյութեր

Լրահոս