«Պետք է աշխատենք քաղաքական բեմականացումների մասը հնարավորինս կրճատել». Վարազդատ Կարապետյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ցավում է խորհրդարանի այս քառօրյայի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների միջև տեղի ունեցած միջադեպերի համար:

«Այսօր կամ երեկ, եթե վերլուծենք, թե ինչ է կատարվում օրվա սկզբում, երբ մենք քվեարկում ենք, և հետո, երբ սկսում ենք իրական աշխատանքը, ապա շատ հաճելի է խորհրդարանում աշխատելը: Բայց մենք պետք է աշխատենք քաղաքական բեմականացումների մասը հնարավորինս կրճատել: Հասկանում եմ, որ քաղաքական ուժերը խնդիր ունեն հանրության մեջ երևալու, նաև կազմակերպելու նմանօրինակ իրավիճակներ: Բայց հուսամ, որ դրանց թիվը և ուժը չի խոչընդոտի, որպեսզի խորհրդարարանն իր իրական առաքելության մեջ մնա»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վարազդատ Կարապետյանը՝ անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին:

Նրա բնորոշմամբ՝ հաճախ նման միջադեպերը տեղի են ունենում ինքնաբերաբար, երբ մարդիկ չեն կարողանում զսպել իրենց էմոցիաները, բայց նաև շատ հնարավոր է, որ այդ ամենը լինի պլանավորված՝ ուղղակի քաղաքական դիվիդենտներ շահելու համար:

«Մենք ամեն գնով կաշխատենք, որպեսզի քաղաքական, օրինաստեղծ գործընթացը մշտապես լինի խորհրդարանի հիմքային առաքելությունը»,- շեշտեց Վարազդատ Կարապետյանը:

Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս