«Մեր հիմնական նպատակը սննդամթերքի անվտանգությունն է, բայց պետք է վստահ լինենք, որ դրանից չեն տուժի գյուղացիական տնտեսությունները». Վարազդատ Կարապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի խոսքով՝ սպանդանոցների հետ կապված խնդիրներն արդեն երկու շաբաթ քննարկում են տարբեր խմբերի հետ՝ հասկանալու համար գյուղացիների ու մսավաճառների, ինչպես նաև սպանդանոցների ու նախարարության դիրքորոշումները:

«Մեր քննարկումների արդյունքներն անընդատ ներկայացնում էինք Կառավարությանը, մենք ողջունում ենք Կառավարության դիրքորոշումը՝ սպանդանոցային մորթի անցնելու հարցը որոշակի ժամկետով երկարաձգելու համար, երբ սպանդանոցները համաչափ բաշխված չեն Հայաստանի տարածքում, և շատ հաճախ մարդիկ խնդիր են ունենալու՝ մորթվող միսը այլ տարածություն տեղափոխելու հետ կապված»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:

Ըստ նրա, քանի որ մսավաճառները ևս այս ամբողջ գործընթացների մաս են կազմում, նրանք նույնպես պետք է հնարավորություն ունենան մնալու իրենց բիզնեսի մեջ: Ուստի մինչև փետրվարի 6-ը Կառավարությունը պետք է ներկայացնի առակցման գործիքներ, որով մսագործները կկարողանան հիմնել իրենց փոքր սպանդանոցները, որի արդյունքում կլինի ավելի լավ մրցակցային մթնոլորտ:

«Մենք ֆերմերներին պետք է բաժանենք մի քանի խմբի, այդ թվում՝ փոքր գյուղացիական տնտեսությամբ զբաղվողների, որոնք ունեն մինչև 10  գլուխ անասուն, մեր հիմնական մտահոգությունն այն է, որ այդ մարդիկ չտուժեն: Մեր հիմնական նպատակը սննդամթերքի անվտանգությունն է, բայց պետք է նաև վստահ լինենք, որ շատ գյուղացիական տնտեսություններ դրանից չեն տուժի: Այն նախագիծը, որը կներկայացնի Կառավարությունը, միտված է լինելու սրան: Մենք պետք է նաև հետևենք, թե ինչպիսին է մեծ ֆերմերների վարքագիծը: Նրանք ավելի շատ հակված են կառուցելու իրենց սպանդանոցը, որտեղ կիրականացնեն իրենց անասուների մորթը»,- շեշտեց Վ. Կարապետյանը:

Ինչ վերաբերում է սպանդանոցների սանիտարահիգիենիկ վիճակին, ապա, Վարազդատ Կարապետյանի խոսքով՝ կա մշակված օրենսդրություն, որը բավականաչափ խիստ է, և այս դեպքում հարցը կապված է օրենսդրության կիրառման հետ, պետք է լավ վերահսկողություն իրականացվի:

Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս