«Այն պահին, երբ տեղի է ունեցել միջադեպը, գրասենյակում ոչ ոք չի եղել». Վիկտոր Սողոմոնյան

«Այն պահին, երբ տեղի է ունեցել միջադեպը, գրասենյակում ոչ ոք չի եղել, որովհետև ճաշի ժամ էր: Հետո, իհարկե, չեն կարողացել վերադառնալ գրասենյակ ու մտնել գրասենյակ, որովհետև արդեն ոստիկանությունը շրջապատել էր այն»,- «Էրեբունի պլազա» հյուրանոցի բակում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Որքանո՞վ է այս միջադեպը կապված նախագահ Քոչարյանի գրասենյակի հետ, ու ինչքանո՞վ է դա իրենց առնչվում՝ Վիկտոր Սողոմոնյանը չգիտեր՝ ասելով, որ կգերադասի տեղեկությունները ամբողջացնել, և եթե իրենց այս միջադեպը ինչ-որ կերպ առնչվում է, բնական է, որ և կմեկնաբանեն, և հայտարարություն կտարածեն: Այս պահին, նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հավաստմամբ՝ ինքը որևէ տեղեկություն չունի:

Պատանդների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ «Էրեբունի պլազայում» գործում են բազմաթիվ հիմնարկներ, և դրանցից մեկը նախագահ Քոչարյանի գրասենյակն է, որը գտնվում է 6-րդ հարկում:

«Եթե ես լինեի շարքային քաղաքացի, կարող է ասեկոսեները մեկնաբանեի, բայց քանի չունեմ պաշտոնական տեսակետ, քանի որ ենթադրում եմ, որ իրավապահ մարմինները հաղորդագրություն կտան, երբ որ կլինի իրադարձությունների նկարագիր, և այդտեղից ես կկարողանամ պարզել, թե որքանով է այս իրադարձությունը առնչվում մեր գրասենյակին, ես անպայման ձեզ տեղեկություններ կհայտնեմ կամ կմեկնաբանեմ»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը:

Պատասխանելով անվտանգության վերաբերյալ հարցին՝ Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ ո՛չ ինքը, ո՛չ իրենց գրասենյակը շենքի անվտանգության հետ որևէ առնչություն չունեն, սակայն իրենց գրասենյակը, 12 տարի է՝ տեղակայված է այդ տարածքում, և իրենք շենքի անվտանգության ծառայության հետ կապված խնդիրներ երբևէ չեն ունեցել:

Տեսանյութեր

Լրահոս