Ալեն Սիմոնյանին կարգապահական տույժի ենթարկելու հետ կապված շփոթմունք է տեղի ունեցել
Երեկ Ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որպես կարգապահական տույժ՝ նախազգուշացում կիրառեց փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ՝ պարզաբանելով, թե Ալեն Սիմոնյանը գիտի՝ ինչու կարգապահական տույժ կիրառվեց:
Ըստ Ա. Սիմոնյանի, իրականում շփոթմունք էր տեղի ունեցել:
«Սեղանին թղթապանակ կար, և ես սխալմամբ թղթապանակին սեղմելով՝ սխալ գրանցում էի կատարել: ԱԺ նախագահին այդ ամենի մասին պարզաբանեցի, և այդ զգուշացումը չգրանցվեց»,- շեշտեց նա:
Լրագրողի հարցին՝ անհանգստություններ չկա՞ն ձևավորված ատելության մթնոլորտի վերաբերյալ, մասնավորապես՝ համացանցում, որի մասին գրեթե բոլորն են բարձրաձայնում, Ալեն Սիմոնյանը, ինչպես երկու օր առաջ, այնպես էլ այսօր պատասխանեց, որ Հայաստանում ատելության մթնոլորտ չկա, կա միայն ատելության մթնոլորտի քարոզ, որն արվում է «կոնկրետ կենտրոնների կողմից՝ իրավիճակը լարելու և ինչ-որ ցնցումների բերելու»:
168.am-ի դիտարկմանը՝ բազմաթիվ կարծիքներ են հնչում, որ ատելության մթնոլորտը Հայաստանում ձևավորվեց այն ժամանակ, երբ հեղափոխությունից հետո օրվա իշխանությունները մարդկանց բաժանեցին սևերի ու սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների, Ալեն Սիմոնյանը նշեց, որ մարդկանց մոտ զայրույթ կա, քանի որ 30 տարի շարունակ այդ մարդկանց լռեցրել են:
«Ատվում են այն մարդիկ և ատելություն են տարածում նրանք, ովքեր իրենց տանն իրենց ատում են և նայում են հայելու մեջ և ատում իրենց: Իսկ այն քաղաքացին, որը դուրս է գալիս փողոց փակելու, նրա մեջ դուք ատելություն չեք տեսնի, մսավաճառները և այլք, երբ փողոց են փակում, նրանց մեջ ատելություն չկա, այլ կա զայրույթ, և գալիս ու ինչ-որ բան են պահանջում»,- շեշտեց նա: