Բաժիններ՝

ՉԺՀ-ում թոքաբորբի պատճառով դադարեցրել են ավտոբուսային ու ջրային հաղորդակցությունը Ուհանի հետ

Չինաստանի իշխանությունները հունվարի 23-ին լիովին դադարեցրել են ավտոբուսային ու ջրային հաղորդակցությունը Ուհան քաղաքի (Հուբեյի նահանգի վարչական կենտրոնի) հետ նոր տիպի թոքաբորբի բռնկման պատճառով, որը հարուցել է 2019-nCoV կորոնավիրուսը: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ։

Ինչպես նշում է գերատեսչությունը, բոլոր նահանգների, ինքնավար շրջանների ու կենտրոնական ենթակայության քաղաքների տրանսպորտային վարչություններին կարգադրված է կասեցնել ջրային ու ցամաքային տրանսպորտի կանոնավոր մարդատար չվերթները Ուհան, որի բնակչությունը կազմում է մոտավորապես 11,1 մլն մարդ, ինչպես նաեւ ժամանակավորապես արգելել ավտոբուսների մուտքն այդ քաղաք:

Բացի այդ, արտակարգ շտաբի տվյալներով, Չինաստանի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են տրանսպորտային հաղորդակցությունը Հուանգան քաղաքի հետ:
Իր հերթին SINA տեղեկատվական պորտալը հայտնել է Հուբեյի նահանգի Էչժոու քաղաքային օկրուգում երկաթուղային կայարանի աշխատանքի դադարեցման մասին:

Ավելի քան 1 մլն բնակիչ ունեցող Էչժոու քաղաքը գտնվում է Ուհանից 70 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է 2019-nCoV կորոնավիրուսը: Էչժոուն կարեւոր տրանսպորտային հանգույց է եւ լոգիստիկական կենտրոն: Քաղաքում տեղակայված են մետալուրգիական, տեքստիլ եւ քիմիական արդյունաբերության ձեռնարկություններ:
Հունվարի 23-ին Ուհանի բնակիչների համար քաղաքից մեկնելու ժամանակավոր արգելք է սահմանվել թոքաբորբի բռնկման պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս