Իսպանիայում տարերքի զոհերի թիվը հասել է տասի. El Mundo
Իսպանիայում հունվարի 19-ից առնվազն տասը մարդ է զոհվել անբարենպաստ եղանակի պատՃառով, որն ուղեկցվել է քամու ուժգին պոռթկումներով, ձնատեղմամբ եւ անձրեւներով: Այդ մասին հունվարի 23-ին հայտնել է El Mundo թերթը։
Հրատարակության տեղեկատվության համաձայն, նաեւ չորս մարդ մինչ այժմ անհայտ կորած է համարվում: Նրանց թվում է 25-ամյա մի բրիտանացի, որին որոնում են Բալեարյան կղզիներում: Նաեւ հաղորդվում է տասնյակ տուժածների մասին: Առնվազն 78 մարդ է Իսպանիայում բուժօգնության դիմել «Գլորիա» փոթորկի պատճառով, որը մոլեգնել է երկրի հյուսիս-արեւելքում: Այդ մասին հունվարի 23-ին հայտնել է El Periodico թերթը: Նրա տեղեկատվությամբ, հոսպիտալացվել է 66 մարդ: Օդերեւութաբանները հինգշաբթի օրը նախազգուշացրել են բարձր ալիքների մասին Ժիրոնայի նահանգի (Կատալոնիայի ինքնավար հանրակցություն) ափամերձ գոտիներում եւ Մալյորկա կղզում (Բալեարյան կղզիների ինքնավար հանրակցություն):
Ընդսմին, ինչպես նշում է հրատարակությունը, Պիրենեյներում պահպանվում է ձնահյուսերի վտանգը: Անբարենպաստ եղանակի պատճառով դադարեցված է արագընթաց գնացքների երթեւեկությունը Իսպանիան եւ Ֆրանսիան միացնող տեղամասում: Իսպանիայի պետական օդերեւութաբանական գործակալությունն ավելի վաղ անբարենպաստ եղանակի պատճառով արտակարգ նախազգուշացում է հայտարարել թագավորության բազմաթիվ նահանգներում: Փակվել են ճանապարհներ, նավահանգիստներ, չեղարկվել են պարապմունքները դպրոցներում, տարհանվել են տեղի բնակիչներ: Ներկայում եղանակային պայմանները բարելավվել են, բայց նախազգուշացումը դեռեւս գործում է մի քանի նահանգներում: Խոսքը վերաբերում է վերջին տարիների ընթացքում Իսպանիայում ամենաուժգին փոթորիկներից մեկին: Հունվարի 23-ին երկրի կառավարության նախագահ Պեդրո Սանդեսը պետք է այցելի տարերքի հարվածից տուժած գոտիներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: