
Առաջին ընթերցմամբ ընդունվեց ավանդի մուտքագրման օրվա համար ևս տոկոսներ հաշվարկելու օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բանկում ներդրված ավանդի մուտքագրման օրվա համար ևս եկամուտ ստանալու հնարավորություն տալ ավանդատուին:
Նախագիծը ստացավ 113 «կողմ», 1 «դեմ» ձայներ:
Օրենքի նախագիծը հեղինակել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանը և Արտակ Մանուկյանը:
Մանուկյանը շեշտել էր՝ այն բանկային հատվածում արդարությունը վերականգնելուն միտված նախագիծ է: Նախկինում այն ավանդատուները, որոնք ավանդ են մուտքագրել, այդ մուտքագրված օրվա համար որևէ կարգի եկամուտ չեն ստացել, մինչդեռ բանկային հատվածն այդ օրվա համար հնարավորություն ունի այդ գումարների դիմաց որոշակի գումարներ ստանալ: Պատգամավորներն առաջարկել են այս փոփոխությամբ փորձել վերացնել այդ անարդարությունը, և ավանդատուին հնարավորություն տալ այդ ավանդի մուտքագրման օրվա համար ևս եկամուտ ստանալ: