Ովքեր որ պիտի «նեղվեին», նեղվում են, բա դո՞ւք…

Այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչո՞ւ են նյարդայնանում:

Մի՞թե վատ է, որ Հայաստանը երկար ժամանակ ակնառու նվաճումներ է ունեցել:

Մի՞թե վատ է, որ Հայաստանը այս կամ այն ժամանակ լուրջ առաջընթաց է գրանցել, և, որ իրական տնտեսական հաջողությունները բարձր գնահատականի են արժանացել ամբողջ աշխարհի կողմից, և ժողովուրդն էլ սկսել էր լավ ապրել:

Մի՞թե վատ է, որ այդ ժամանակաշրջանում Հայաստանում ներգաղթ է եղել:

Մի՞թե վատ է, որ աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունը մի քանի անգամ կրճատվել են:

Մի՞թե վատ է, որ Հայաստանի միջազգային հեղինակությունը այդքան բարձր է եղել:

Պարծեցեք, էլի, ինչո՞ւ են նեղվում ու նյարդայնանում:

Ինչի՞ց են այդքան վատ զգում: Մեր բոլորի Հայաստանը չէ՞, մեր հայրենիքը չէ՞, մեր երկիրը չէ՞, նույն երկրում չե՞նք ապրում, այ… տնաշեններ, թե՞…

Այն, որ կասկածելի գենետիկ ծագում ունեցողները միշտ բարբաջել են, դա հասկանալի է: Հապա այս մարդիկ` հենց այդ ժամանակ աշխատած, և իրենց պատկերացմամբ՝ ահռելի, իսկ իրականում՝ շատ չնչին, բայց ներդրում ունեցած որոշները… Ինչ-որ ուսումնասիրություններ են կատարում, թվեր են իրար գլխով տալիս, իրենց արևին՝ վերլուծություններ են անում: Նրանցից ոմանք նույնիսկ գիրք են գրում (բջջային հեռախոս չունեցողները) և ապարդյուն փորձեր են անում ապացուցելու, որ` այո, իրոք ճիշտ է, այդ ամենը եղել է, բայց մի քիչ այդքան էլ շատ չի եղել, մի քիչ քիչ է եղել, և այլն:

Եվ ի՞նչ… Հետո՞… Լա՞վ եք: Մեղք չե՞ք… Մշտապես պատեհապաշտ՝ վերը նշված նախկինում կայացած ու չկայացած մի քանի «տնտեսագետի անուն հանածներ» մերթընդմերթ արտահայտվում էին իրենց իսկ աշխատած ժամանակաշրջանի` 2000-2008թթ.-ի տնտեսության իրավիճակի մասին: Տպավորություն էր ստեղծվում, որ նրանք կամ մոռացել են, կամ էլ չեն իմացել, որ տնտեսությունը ճյուղեր ունի, և դրանցից մեկն էլ շինարարությունն է: Մասնավորապես, երբեմն այս հատվածի, իրենց կարծիքով՝ երիտասարդ խոստումնալիցները խոսում են 2002-2008 թվականների «ֆենոմենի» մասին (իրենց բառն է), որպես, իրենց պատկերացմամբ` բացասական երևույթի մասին:  

Նախ, պետք է տեղեկացնել սույն նախկին երիտասարդներին, որ 2000թ.-ից սկսվել և տնտեսական բարեփոխումների առաջին` 1992-1996թթ. փուլից հետո, ընդմիջումով (1996-1999թթ.), 2000թ.-ից սկսվել է բարեփոխումների երկրորդ` վերականգնողական փուլը, և, որ այն ունի իր առանձնահատկությունները:

Եվ երկրորդ, շատ պարզ հարց է ծագում. Եթե, ըստ իրենց, այդքան վատ էր 2000թ.-ից մինչև 2008 թվականները, ապա ինչո՞ւ էր այդքան լավ… Ինչո՞ւ էին 1990-աններին սեփական երկրից արտագաղթածները հենց 2002 թվականից սկսած, իսկ ավելի ակտիվ` 2004-ից սկսած ներգաղթում իրենց ասած՝ «քանդվող», «թալանվող» և «ավերվող» Հայաստան, ինչո՞ւ էին 2000-2007թթ. թոշակներն ու աշխատավարձերը մի քանի անգամներով բարձրանում:

Այդ նույն ժամանակահատվածում ինչո՞ւ էին օտարերկրյա ու ներքին ներդրումները անգամներով աճում, ինչո՞ւ էին անգամներով աճում արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, առևտուրն ու ծառայությունները, արտահանումն ու ներդրումները, շինարարությունն ու ենթակառուցվածքները, գիտությունն ու առողջապահությունը, սոցիալական ապահովությունն ու կրթությունը, տեղեկատվական տեխնոլոգիաներն ու զբոսաշրջությունը, ֆինանսական ու բանկային ծառայությունները, և, ամենակարևորը, աննախադեպ ամրապնդվում Հայաստանի և Արցախի անվտանգությունը:

Ինչո՞ւ էին հարյուրավոր խոշոր ու միջին ձեռնարկություններ հիմնադրվում, վերանորոգվում, վերագործարկվում, նոր բանկեր հիմնադրվում, տասնյակ-հազարավոր փոքր ու միջին ձեռնարկություններ ընդլայնում իրենց գործունեությունն ու նորացվում: Ինչո՞ւ էին փոքր ձեռնարկությունները բազմապատկում իրենց մասնաբաժինը համախառն ներքին արդյունքում: Ինչո՞ւ էին պետական բյուջեի եկամուտներն ու համախառն ներքին արդյունքը, մեկ շնչին ընկնող եկամուտը անգամներով ավելանում:

Ենթադրենք՝ այս ամենը «նկարված էր»: Այդ դեպքում, կրկնում եմ, սույն «հեղինակները» ինչո՞ւ չեն վիճարկում այն, թե ինչո՞ւ էին աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունը անգամներով նվազում: Կամ` ինչո՞ւ էին 1990 թվականներին սեփական երկրից արտագաղթածները հենց 2002 թվականից սկսած, և ավելի ակտիվ` 2004-ից ներգաղթում «քանդվող», «թալանվող» և «ավերվող» Հայաստան, ինչու՞ էին 2000-2007 թթ. թոշակներն ու աշխատավարձերը անգամներով բարձրանում: «… Էդ էլ` nicht (նի՞խտ)…??? »:

Այդ ամենն ինչպե՞ս եղավ, ինքն իրե՞ն… Մնացածը նկարված էին, իսկ սրանք՝ ո՞չ… Կա՞ մի ցուցանիշ, որն այդ շրջանում անգամներով չի բարելավվել: Դե բավական եղավ, որքա՞ն կարելի է մարդկանց համբերությունը չարաշահել, իսկ ժողովրդին տգետի և երախտամոռի տեղ դնել: Եթե չգիտեն, ապա պետք է հուշել, իսկ եթե մոռացել են` հիշեցնել, որ տնտեսության դինամիկ զարգացման յուրաքանչյուր ժամանակաշրջան ունենում է իր առաջանցիկ դերակատարություն ունեցող ճյուղը կամ ճյուղերը, որոնք ժամանակ առ ժամանակ փոփոխվում են` միմյանց զիջելով առաջատարի դերը:

Եվ վերջինը. երբ ասում են` շինարարություն, ապա դա միայն Հյուսիսային պողոտան և բնակարանաշինությունը չէին, այ… «հարգելիներս», դա միայն բնակարանաշինությունը չէ:

Դա 1988թ. երկրաշարժի գոտին էր, ամբողջ երկրով մեկ` սոցիալական, կրթական, առողջապահական, մշակութային օջախներն էին, հանրապետական ու համայնքային նշանակության բոլոր ճանապարհներն էին, պաշտպանական, արդյունաբերական և ենթակառուցվածքային, հյուրանոցային և ծառայություններ մատուցող այլ միավորների, տրանսպորտային ուղիների շինարարությունն էր (գազամուղ, էներգետիկ ենթակառուցվածքներ, ճանապարհաշինություն, թունելներ ու կամուրջներ, օդանավակայաններ, երկաթգիծ), և այլն, և այլն, և այլն:

Այս ամբողջը շինարարություն է: Եթե ցանկություն կա կայանալու, ապա թող այլ տեղերում և այլ թեմաներ փնտրեն, միևնույն է, այս մասով չի ստացվում. մարդիկ ոչ կույր են, ոչ տգետ, ոչ էլ այդքան միամիտ, անտեղյակ և հիշողությունը կորցրած:

Սակայն մինչ այդ, շատ իմիջիայլոց, ճիշտ կլինի, որ սույն պարոններն ավելի խորությամբ ուսումնասիրեն նաև 2008թ.-ի համաշխարհային ճգնաժամի հետևանքով Հայաստանում տնտեսական անկման բուն պատճառները և չփորձեն փրփուրներից կառչել և այն բացատրել դրան նախորդող ժամանակաշրջանի ակնհայտ հաջողություններով: Դա աբսուրդ է, տնտեսագիտական անհեթեթություն:

Նախ` թող սկսեն ԱՄՆ-ից, հասկանան, իսկ հետո անցնեն մնացածին… Թող մի լավ խորանան, եթե ունակ են, հետո նոր իրենց «դարակազմիկ» եզրակացությունները տարածեն: Շատ չմանրամասնելով՝ կարելի է միայն մի փոքրիկ դրվագ հիշեցնել սույն անձանց: «Չար լեզուներն» ասում են, որ, եթե 2008 թվականի ճգնաժամի ողջ ծանրությունն և ճնշումը տնտեսության իրական հատվածի վրա թողնելու և ֆինանսաբանկային համակարգը ջերմոցում պահելու փոխարեն, ճիշտ պահին և ճիշտ ձևով այդ ճնշումը փոխադրեին և մեծամասամբ թողնեին հենց ֆինանսաբանկային հատվածի վրա, այդպիսի մեծ անկում կարող էր չլինել: Տնտեսագետները թող սրա մասին խոսեն, ոչ թե չգիտեմինչերի…

Նշում են նաև, որ 2008թ.-ի համանման հետևանք (իհարկե, ոչ այդքան ծանր) կլիներ 2014 թվականին և 2015 թվականին, եթե նույն տիպի քաղաքականություն վարվեր: Փառք Աստծո, որ ի հեճուկս համարյա բոլոր միջազգային ֆինանսական կազմակերպությունների կանխատեսումների, ինչպես նաև անգլերեն բառերով համեմված տեքստերով հաճախ հանդես եկողների, որոնք միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ միաբերան կանխատեսել էին տնտեսական անկում, 2014 թվականին էլ, 2015 թվականին էլ գրանցվեց համեստ, բայց տնտեսական աճ` 3-4%-ի սահմաններում:

Զավեշտը նրանում է, որ իրենք իրենց աչքերով են այդ ամենը տեսել, ինչ-որ մասով մասնակցել, նաև` միգուցե նպաստել, որ չկրկնվեր 2008 թվականի սցենարը: Գուցե չե՞ն ցանկացել, կամ չե՞ն հասկացել` դժվար է ասել:

Սա էլ հատուկ անտեղյակների և «մոռացկոտների» համար. 1999թ. արդյունքներով՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 281 մլրդ դրամ, իսկ 2007թ. արդյունքներով արդյունաբերական արտադրանքի ծավալը` 716 մլրդ դրամից ավելի: Առանց էներգետիկայի` 591 մլրդ դրամից ավելի:

1999թ. արդյունքներով գյուղատնտեսական արտադրանքի ծավալը` 312 մլրդ դրամ, իսկ 2007 թվականի արդյունքներով՝ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 634 մլրդ դրամ:

Այսինքն` 1999-2007 թվականի աճը արդյունաբերության մասով կազմել է մոտ 2,5 անգամից ավելի, իսկ գյուղատնտեսության աճը` 2 անգամից ավելի: Իսկ եթե հաշվի առնենք, որ 1999-ին ԱՄՆ 1 դոլարը արժեր 524 դրամ, իսկ 2007-ին` 305 դրամ, ապա դոլարային արտահայտությամբ այդ երկու ոլորտների աճը բազմապատիկ ավելին կլինի:

Սա այն դեպքն է, որ անհրաժեշտ է հիշեցնել տնտեսագիտության դասագրքային մի ճշմարտության մասին: Այն է` աշխատանքն է արդյունքի աղբյուրը, և առանց արդյունք ստեղծելու՝ տնտեսություն չի լինում: Առավել ևս` տերմինախեղդ բառապաշարով, զուտ «կիբեռնետիկական» մոդելներով ու հաշվարկներով և կամ հենց այնպես խոսելով…

Որքան ուզում են փոխարժեքի հետ խաղ անեն, մոդելներ կազմեն, «PPP» անեն, Հնդկաստանի, կամ չգիտեմ որ երկրի օրինակները բերեն, հայտնի տնտեսագետներից մեջբերումներ անեն ու անգլերեն բառեր ասեն` դրանից արդյունք չի ավելանում, պարզապես կապիտալն իր շրջապտույտի մեջ մի գրպանից շարժվում է մեկ այլ գրպանի ուղղությամբ, հիմնականում` երկրից դուրս…

Խորհուրդ տալն անօգուտ է, բայց անհրաժեշտ է. Կարլ Մարքսի «Կապիտալի» առաջին հատորը թող կարդան:

Որպես հետգրություն

Համ էլ` ամոթ է… Ակնհայտ և անվիճելի հաջողությունները սևացնելու փորձերն ապարդյուն են: Կարիք չկա ինչ-ինչ նպատակներով ի ցույց դնել սեփական ապիկարությունը, կրթության ու փորձի անբավարարությունը, իրական տնտեսության մասին պատկերացումների սնանկությունը: Նաև` անսկզբունքայնությունն ու… Աստված մի արասցե` ինչ-որ տեղ «մուտք գործելու» անթաքույց նկրտումները:

Հ.Գ. Կարծեմ` այս մարդկանց ժամանակին զգուշացրել էին, որ կարիք չկա այդպիսի բաներ անել: Մի՛ արեք… Եվ միշտ հիշե՛ք. մարդիկ ոչ կույր են, ոչ տգետ, ոչ էլ այդքան միամիտ, անտեղյակ և հիշողությունը կորցրած: Մի՛ խոսեցրեք, էլի, «…Հազար ասացինք` կենաց ասել չգիտենք…»։

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս