Boeing-ը ծրագրում է Boeing 737 MAX ինքնաթիռները շահագործման վերադարձնել 2020 թվականի կեսերին
Միացյալ Նահանգների Boeing կորպորացիան հույս ունի կարգավորիչներից Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործման թույլտվություն ստանալ ընթացիկ տարվա կեսերին: Այդ մասին ասված է ընկերության կայքում զետեղված մամուլի տեղեկագրում։
Ըստ որում Boeing-ում ընդգծում են, որ երաշխիքներ չեն կարող տալ ժամկետների վերաբերյալ, եւ այս հայտարարությունը սոսկ «կանխատեսում» է:
«Անվտանգ օգտագործման MAX-ի վերադարձը մեր թիվ մեկ առաջնահերթությունն է, եւ մենք համոզված ենք, որ դա տեղի կունենա»,- նշվում է ընկերության մամուլի տեղեկագրում:
Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործումն ամբողջ աշխարհում արգելված է անցյալ տարվա մարտից՝ Ինդոնեզիայում եւ Եթովպիայում այդ օդանավի երկու աղետներից հետո, որոնց զոհ դարձավ 346 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: