Հեղափոխական կառավարության նվերը սպառողներին. 2 անընդմեջ էժանացումից հետո գազը վերստին կթանկանա

Վերջին անգամ գազի սակագինը Հայաստանում վերանայվել է իշխանափոխությունից մեկ տարի առաջ՝ 2017թ.։ Այն ժամանակ սակագինը նվազեց գազամատակարար ընկերության նախաձեռնությամբ։ Դրան նախորդող տարում ևս գազը էժանացավ։

Սպասվում էր, որ սակագները կիջնեն նաև իշխանափոխությունից հետո։ Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր, որ դրանք ուռճացված են և պետք է վերանայվեն։

Սակայն իշխանափոխությունից հետո, երբ գազի սակագնի նվազեցման բոլոր լծակները վարչապետի ձեռքին են, դա տեղի չունեցավ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես դադարեց խոսել սակագների նվազեցման մասին։ Հիմա էլ կառավարությունը պատրաստվում է սակագների բարձրացման։ 2 անգամ էժանանալուց հետո ներքին սպառման շուկայում գազը վերստին կթանկանա։

Երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտարարում էր, թե չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիան» ներկայացնի սակագների վերանայման հայտ, ըստ էության արդեն գիտեր, որ այդպես էլ լինելու է։ Միայն թե հայտը ներկայացվելու է ոչ թե հիմա, այլ ապրիլի 1-ից հետո։

Մինչև ապրիլի 1-ը գազի ներքին սակագները Հայաստանում կմնան անփոփոխ։ Ապրիլի 1-ից հետո ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։

Եթե սակագների վերանայում պիտի արվի գազամատակարար ընկերության ներկայացված հայտի հիման վրա, ապա օրենքի կարգավորման պահանջներից ելնելով, դրա համար որոշակի ժամանակ անհրաժեշտ կլինի։ Գործընթացը կարող է տևել 2 ամիս, կարող է ձգվել մինչև 4 ամիս։ Ժամկետները կախված են լինելու պայմանավորվածություններից։

Մի բան ամեն դեպքում ակնհայտ է. սակագների հարցը որոշվելու է ոչ թե Հանձնաժողովում, այլ բանակցությունների սեղանի շուրջ։ Հանձնաժողովը վավերացնելու է այն, ինչի վերաբերյալ կլինի համաձայնություն։

Ուստի դրա համար նրան շատ ժամանակ պետք չէ։ Ըստ էության, լինելու է սակագների հաստատման զուտ ֆորմալ գործընթաց։

Բոլոր դեպքերում, ենթադրվում է, որ այս պահին նոր սակագների գործողության մեջ մտնելու ամենահավանական ժամկետը հուլիսի 1-ն է։

Ցանկացած պարագայում գազի թանկացումը որևէ կերպ չի բխում կառավարության շահերից։ Առանց այն էլ երկրում խնդիրների ու դժգոհությունների պակաս չկա, հիմա էլ՝ գազի թանկացումը։ Դա կարող է լրջորեն ազդել իշխանությունների նվազող հեղինակության վրա։

Անցած տարի դեռ կառավարությանը հաջողվեց մի կերպ կասեցնել թանկացումը։ Այս տարի դա էլ անհնարին է համարվում։ Ամեն ինչ գնում է նրան, որ տարվա երկրորդ կեսից գազի ներքին սակագները պիտի բարձրանան, կամ ինչ-որ մեկը պետք է կրի թանկացման բեռը։ Այդ մեկը այլևս չի լինելու գազամատակարար ընկերությունը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հայտարարությունները վկայում են, որ թանկացման բեռը ավելին է լինելու, քան թվում էր ի սկզբանե։

«Պետք է հասկանանք, որ 15 դոլարով գազի գինը բարձրացել է սահմանի վրա, և այլևս 15 դոլարի կոմպենսացիա ի վիճակի չէ «Գազպրոմը» անել։ Այսինքն՝ գործող սակագների մասով շուրջ 30 դոլարի ավելացման խնդիր է, և գործող սակագները էդքան չեն բավարարում։ Բայց դա չի նշանակում, թե էդքանով ունենալու ենք սակագների բարձրացում, որովհետև այս տարվա ընթացքում բանակցվում են ընկերության հետ օպտիմալացման խնդիրները, կրճատման խնդիրները, և կարծում եմ, մինչև ապրիլի 1-ը բանակցությունները կավարտենք»,- ասում է ՀԾԿՀ նախագահը։

Սա նշանակում է, որ թանկացման բեռը ոչ թե 15, այլ 30 դոլարի չափով է լինելու։ Ու չնայած «Գազպրոմ Արմենիայի» օպտիմալացման արդյունքում այդ ծանրության մի մասը կարող է փոխհատուցվել ընկերության հաշվին, միևնույն է, դրանից սակագների վրա ճնշումը շատ չի թուլանա։

Մոտավոր հաշվարկներով, ռուսական գազի ներմուծման գնի 30 դոլար թանկացման բեռը համարժեք է գրեթե 60 մլն դոլարի։ Եվ այդ գինը ինչ-որ մեկը պետք է վճարի՝ դա կլինի գազամատակարար ընկերությունը, սպառողը, թե կառավարությունը։

60 միլիոնը լուրջ գումար է, ինչը նշանակում է, որ դրա ազդեցությունը սակագնի վրա ցավոտ է լինելու։ Եվ սա կառավարությունը լավ հասկանում է։ Ուստի չի բացառվում, գուցե և արդեն դիտարկվում է վերջինիս կողմից սակագների հնարավոր բարձրացման բեռը ամբողջությամբ կամ մասամբ ստանձնելու տարբերակը։ Խոսքը սուբսիդավորման մասին է։

Եթե կառավարությունը որոշի գնալ այդ ճանապարհով, ապա դա կարող է արվել տարբեր ֆինանսական աղբյուրների հաշին։ Որպես այդպիսին, առաջին հերթին, բնականաբար, պետք է դիտարկել պետական բյուջեի միջոցները։ Ճիշտ է, բյուջեն նման միջոցներ չի նախատեսել, բայց ցանկության դեպքում դրանք կարող են գտնվել։ Թեև բյուջեից գազի սակագնի հնարավոր թանկացումը սուբսիդավորելու հավանականությունը շատ փոքր է։

Առավել հավանական է, որ դա արվի ֆինանսական այլ միջոցներով։ Նման միջոցներ կարող են լինել, այսպես ասած՝ կոռուպցիոն բացահայտումների արդյունքում առգրավված կամ պետությանը «կամավոր» վերադարձված գումարները։ Խոսքը այն գումարների մասին է, որոնցով ժամանակին խոստանում էին բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ինչո՞ւ չէ, փակել նաև պետության կուտակած պարտքերը։

Թեև հավանաբար նկատած կլինեք, որ վերջին շրջանում այդ մասին այլևս չի խոսվում։ Հայտնի չէ նաև, թե ի՞նչ են եղել մինչև այժմ առգրավված գումարները։ Դրանք մնո՞ւմ են, թե՞ արդեն ծախսվել են։ Այդ գումարների իրացման վերաբերյալ մինչև հիմա ոչ մի բացատրություն չի տրվել։

Մի քանի ամիս առաջվա դրությամբ առգրավված գումարները կազմում էին շուրջ 130 մլն դոլար։ Չասենք, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հարյուրավոր միլիոններից, եթե ոչ՝ միլիարդներից էր խոսում։ Եթե այդ գումարները դեռևս կան, ապա չի բացառվում, որ կառավարությունը որոշի մի մասն էլ ուղղել գազի սպասվող թանկացման սուբսիդավորմանը։ Չնայած ցանկացած պարագայում սուբսիդավորումը չի լինելու լավագույն լուծումը։ Պետք է մտածել հասարակության եկամուտներն ավելացնելու, և ոչ թե՝ սակագները սուբսիդավորելու մասին։

Դա է սակագների բարձրացման բեռը չեզոքացնելու լավագույն տարբերակը։ Իսկ թանկացումներ միշտ էլ լինելու են, և դրանից խուսափել հնարավոր չէ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս