Բաժիններ՝

«Հենց գիտությամբ լիարժեք զբաղվող մարդ ծանրաբեռնվեց կրթությանն անհրաժեշտ ծավալով՝ կնշանակի, որ գիտությունը մեռավ». Հրանուշ Խառատյան

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի հասարակական քննարկումները շարունակվում են: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ այն առողջ օրինագիծ է, բայց կան թե՛ կրթությանը, թե՛ գիտությանը վնասող բազմաթիվ խնդիրներ:

«Հենց հիմա արդյո՞ք պետք էր դա օրենսդրական ճանապարհով փոփոխել: Եթե ընթացքը ճիշտ կազմակերպվի, այն կարող է ուսանողի համար ավելի շահեկան լինել, այլ խնդիր է, որ գիտության և կրթության մասով լրջորեն մտածված չէ, հապճեպ է արված: Տեսականորեն դրական հեռանկար է, բայց գիտության և կրթության ավանդական ընթացքի հետ կոնֆլիկտ ունի, որը չի կարգավորվում օրինագծի՝ ուժի մեջ մտնելուց հետո: Եթե գիտական հիմնարկությունները գնան բուհեր, ապա ուսանողի համար շահեկան կլինի, երբ անմիջապես գիտությամբ զբաղվող մարդը նաև կրթության մեջ ներգրավվի: Բայց պատկերացրեք, թե այդ մարդն ինչքան կդադարի գիտությամբ զբաղվել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հրանուշ Խառատյանը:

Հիշեցնենք, որ օրենքի փոփոխություններով նախատեսվում է նաև բուհերին միացնել ԳԱԱ ինստիտուտները:

Հրանուշ Խառատյանի դիտարկմամբ՝ մեր բուհական համակարգը հարմարեցված չէ այնպես, որ գիտությամբ լիարժեք զբաղվող մարդու համար շաբաթական 1-2 անգամ դասախոսություն կարդալը բավարար ծանրաբեռնվածություն համարվի:

«Հենց ծանրաբեռնվեց կրթությանն անհրաժեշտ ծավալով՝ կնշանակի, որ գիտությունը մեռավ: Ես գիտությամբ զբաղվող մարդ եմ, օրական 20 ժամ եմ աշխատում, հրաժարվել եմ դասախոսություններից, որ կարողանամ գրել»,- նշեց ազգագրագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս