Բաժիններ՝

Թեհրանը հանձնառու է մնում միջուկային գործարքին և չի ընդունում Եվրոպայի պահանջները. Իրանի ԱԳՆ

Թեհրանը հանձնառու է մնում միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) եւ չհիմնավորված է հաարում «եվրաեռյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) պահանջները իրանական կողմին: Այդ մասին հունվարի 20-ին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։
«Եվրոպացիների վերջին քայլը իրավաբանական հիմնավորումներ չունի,- ասել է  նա:- Իրանը հանձնառու է մնում միջուկային գործարքին»:

Նա նաեւ հավելել է որ «Թեհրանի համար ԳՀՀԾ-ի շրջանակում կարեւոր են հակառակ կողմի իրական գործողությունները, այլ ոչ թե մտադրությունների հռչակագրերը»:
Ավելի վաղ Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին հայտարարել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասնակից եվրոպական երեք երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան, ԱՄՆ-ի «խամաճիկներն» են, որոնք վստահություն չեն ներշնչում: «Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան ոչինչ չեն անում: Նրանք ծառայում են ԱՄՆ-ի շահերին, նրանք խամաճիկներ են»,- ասել է Խամենեին: Գերագույն ղեկավարն ընդգծել է, որ այդ երկրների հայտարարությունները մերկապարանոց են: Նա հավելել է, որ եվրոպացիներին «չի հաջողվի ծնկի բերել իրանական ազգին»:

Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան հունվարի 14-ին հայտարարել են, որ գործարկում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմը: «Հաշվի առնելով Իրանի գործողությունները՝ մեզ այլ ընտրություն չի մնում, քան պաշտոնապես հայտնել մեր անհանգստությունն այն բանից, որ Իրանը չի կատարում իր հանձնառությունները ԳՀՀԾ-ի շրջանակում, եւ այդ հարցը հանձնել Համատեղ հանձնաժողովին Վեճերի լուծման մեխանիզմի շրջանակում՝ ԳՀՀԾ-ի 36-րդ հոդվածին համապատասխան»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Լոնդոնը, Փարիզը եւ Բեռլինը իրանական միջուկային գործարքի «մնացորդները ծախեցին» եվրոպական ավտոմոբիլների վրա մաքսատուրքեր չսահմանելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոստման դիմաց: Նա ռազմավարական սխալ է համարել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման որոշումը: «Վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման եվրոպացիների գործողություններն իրավաբանորեն հիմնավորված չեն եւ քաղաքական առումով ռազմավարական սխալ են»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս