«Եթե ունենք ներդրումներ ու նոր աշխատատեղեր, ապա ինչո՞ւ է գործազրկության թիվը բարձրանում». Խոսրով Հարությունյան

ԵԱՏՄ տարածք մուտք գործելով՝ պայմանավորված գների տատանումները կլինեն կարճաժամկետ. վստահեցնում է  Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նրա գնահատմամբ՝ շուկան շատ արագ կլցվի ԵԱՏՄ տարածքից ներկրվող ապրանքներով, որոնց պարագայում գնի աճ չենք ունենա:

«Գների տատանումներ կլինեն առաջին մի քանի ամիսը, կարծում եմ՝ մենք դա չենք էլ զգա: Դա կտևի այնքան ժամանակ,  մինչև մեր ներմուծողները կապեր հաստատեն ԵԱՏՄ հիմնական արտադրողների հետ, եթե, իհարկե, մինչև այժմ չեն հաստատել, քանի որ վաղուց գիտեին երրորդ երկրից ներկրվող ապրանքի մաքսային դրույքաչափերի բարձրացման մասին: Սա անցումային փուլ կլինի»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսային դրույքաչափերի բարձրացումը նա արդարացված է համարում, քանի որ այս կերպ ԵԱՏՄ-ն խրախուսում է իր տարածքում գտնվող երկրների մեջ ապրանքաշրջանառությունը: 168.am-ի հարցին, թե ԵԱՏՄ տարածքից ներմուծված ապրանքներն արդյո՞ք որակապես չեն զիջելու 3-րդ երկրից ներկրվողին, Խոսրով Հարությունյանն այս կերպ պատասխանեց.

«Որակյալ մսամթերքի վրա դրված է մաքսային դրույքաչափի ընդամենը 5 տոկոս աճ, ոչ որակյալ ապրանքի վրա՝ 22 տոկոս կամ ավելի: ԵԱՏՄ-ն ունի ստանդարտներ, թե որն է համարվում որակյալ, որը՝ ոչ այնքան: Այս կերպ ներկրողներին ասում են, որ ավելի լավ կլինի՝ լավ միս բերեք վաճառեք ձեր սպառողին: Մենք, ձեզ հետ միասին, միշտ նախապատվությունը տալու ենք մի փոքր ավելի թանկ, բայց որակյալ ապրանքին, եթե մեր արտադրողը ուզում է մրցունակ լինել, ապա ինքն էլ պետք է ավելի որակյալ արտադրանք ապահովի»:

2019-ին արձանագրված 7.5 տոկոս տնտեսական աճի հետ կապված՝ նրա մոտ մի շարք հարցեր են ծագել, օրինակ՝ արդյո՞ք դա երաշխավորված աճ է, այդ աճը պայմանավորվա՞ծ է գործող իշխանության աշխատանքով:

«Ես կարծում եմ, որ 7.5 տոկոս աճը դա նախկինում, հատկապես նախկին վարչապետ  Կարեն Կարապետյանի  ժամանակ ներգրավված ներդրումների արդյունքներն են: Վարչապետն էլ դա անուղղակի արձանագրեց՝ ասելով, որ բյուջեն իներցիոն է: Այսինքն՝ նրանք ընդունում են, որ կփորձեն օգտագործել նախկին իշխանության ներգրաված ներդրումների, տնտեսական նախաձեռնությունների արդյունքները:
7.5 տոկոս տնտեսական աճը երաշխավորված չէ, քանի որ 2020-ի համար մենք նախատեսել ենք 4.9 տոկոս աճ: Կառավարությունն ինքն էլ է հասկանում, որ այդ աճը երաշխավորված չէ»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Ըստ նրա՝ նախորդ կառավարությունից մնացած ձեռքբերման օրինակ կարող են լինել  մեծ տարածքներ զբաղեցնող ջերմոցները, որոնք կարողացան մեծ թափ առնել, քանի որ իրենց համար սահմանվեց գազի արտոնյալ դրույքաչափ: Մեկ այլ օրինակ է պետության տրամադրած սուբսիդիաները գյուղատնտեսության ոլորտում:  Խոսրով Հարությունյանի համար կասկածելի է նաև օրեր առաջ Էկոնոմիկայի նախարարի   հայտարարությունը, թե 2019 թվականի 9 ամսվա արդյունքներով օտարերկրյա ներդրումների ներհոսքը 268 մլն դոլարով ավելի է եղել, քան 2018-ին:

«Եթե այդքան ներդրումներ են եղել, ապա պետք է բացված լինեին նոր աշխատատեղեր, վարչապետը հայտարարեց 81.000 աշխատատեղի մասին: Եթե այդքանի մի մասը նոր աշխատատեղեր են, ոչ թե ստվերից դուրս եկած, ապա գործազրկությունը պետք է նվազեր, բայց 2019-ին մենք ունենք գործազուրկների բացարձակ թվի մաքսիմումը: Այդպես մեկ էլ եղել է 2011-ին: Եթե ունենք ներդրումներ ու նոր աշխատատեղեր, ապա՝ հարց, ինչո՞ւ է գործազրկության թիվը բարձրանում: Փաստ է, որ մենք չունենք ներդրումներ, մեր կառավարությունը չի վերլուծում, չի քննարկում, մտահոգված չէ, թե ինչո՞ւ  չկան ներդրումներ, փոխարենը՝ համոզում է, որ կան, ուղղակի մենք չենք տեսնում»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

168.am-ի հարցին, թե աշխատավարձի և կենսաթոշակի բարձրացումն ազդելո՞ւ է մարդկանց կյանքի որակի վրա, այն դեպքում, երբ ունենք առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ, նա բացասական պատասխան տվեց.

«1.5 տոկոս գնաճը հաշվում են  7400 ապրանքատեսակների միջին գների տատանմամբ: Սոցիալական առաջին ահրաժեշտության 21 ապրանքների գնաճը բոլորովին այլ թիվ է, 1.5 տոկոս չէ, ավելին է: Հետևությունները թողնում եմ Ձեզ»:

Տեսանյութեր

Լրահոս