«Քաղաքական դիսկուրսը «պլինտուսից» ցածր է իջել». Տիգրան Քոչարյան
«Ոնց որ «Սիմփսոնների ընտանիքը» սերիալը նայենք». այսպես է արձագանքում մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը Մարիամ Փաշինյան-Արթուր Վանեցյան հեռահար բանավեճին: Երեկ «Հայկական ժամանակ» կայքը գրել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես՝ կնոջ՝ Աննա Հակոբյանի, և դստեր՝ Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավ է ընթանում, և, որ այն համակարգվում և ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:
Վարչապետի դուստրը ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր հրապարակմամբ, պատմել իրենց և Վանեցյանների ընտանիքների երբեմնի ջերմ հարաբերությունների մասին և ափսոսանք հայտնել, որ այդ ամենն անկեղծ չի եղել:
Վանեցյանն իր Instagram-ի էջում, անդրադառնալով կայքի հրապարակմանը, նշել էր, որ հոդվածում իրեն վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, որ ընտանիքն իր համար սրբություն է, և կոչ էր արել Մարիամ Փաշինյանին չմտնել մեծերի անհասկանալի խաղերի մեջ: Նա նաև տեղեկացրել էր, թե իր փաստաբանները զբաղվում են այդ հրապարակման ուղղությամբ:
Հեռահար բանավեճն այսքանով չէր ավարտվել, քանի որ վարչապետի դուստրը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել էր Արթուր Վանեցյանի գրառմանը՝ կոչ անելով Արթուր Վանեցյանին խոսել և ասել, թե ինչո՞ւ է նման քայլի դիմել: Ի դեպ, նա Արթուր Վանեցյանին այս անգամ դիմել էր «Արթուր ջան»-ով:
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը դաշտ նետված այս բանավեճը կեղծ օրակարգ է համարում, ավելին, իր կարծիքով՝ 2018-ի ապրիլից մենք ապրում ենք կեղծ օրակարգերով:
«Անանուն նյութը «Հայկական ժամանակում», և դրան հետևած գրառումները մի բան են ցույց տալիս՝ քաղաքական դիսկուրսը պլինտուսից ցածր է իջել:
Ուզում եմ շնորհավորել Վլադիմիր Կարապետյանին, որ ինքը պաշտոնազուրկ եղավ, որովհետև աշխատել այդ ընտանիքի հետ, դա ինձ թվում է՝ ուղղակի գիշերային մղձավանջներից մեկն է: Ընտանիքի անդամներից յուրաքանչյուրն իրեն թույլ է տալիս ինչ-որ արտահայտություններ, ինչ-որ գրառումներ, որը պետք է նաև մեկնաբանվի, հղկվի, ֆեյքերով դզվի, այդ մղձավանջից այդ մարդը պրծավ»,- ասաց Տիգրան Քոչարյանը:
2018-ի ապրիլից դժվար է դարձել հասկանալ, թե ի՞նչ է մտածում ժողովուրդը, քանի որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում «լայքողներն» ու մեկնաբանություններ գրողները հիմնականում «ֆեյքերն» են:
«Դաշտ է նետվում ամեն ինչ, որպեսզի կարողանան խառնել իրականությունը և այդ պղտոր ջրում ինչ-որ ձկներ որսան: Իրականում շատ ավելի լուրջ խնդիրներ կան, ամբողջ օրը զբաղված լինել վարչապետի աղջկա գրառումներով՝ սխալ է»,- ասաց Տիգրան Քոչարյանը:
Մեդիափորձագետը մտահոգություն է հայտնում, որ նպատակ կա անլրջացնելու և հեղինակազրկելու ԱԱԾ-ն, ինչն արտահայտվում է, օրինակ, կառույցին տրված հանձնարարականներով՝ «գտնել որոշ մարդկանց և սատանայի միջև կապը», կամ՝ վարչապետի դստեր կողմից ԱԱԾ նախկին տնօրենին «Արթուր ջան»-ով դիմելով:
«Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Լիլիթ Թումանյանն էլ պնդում է՝ տեղի ունեցածը նպատակ ունի շեղել քաղաքական օրակարգը, սակայն պետք չէ կենտրոնանալ երկու անձի միջև ներանձնային կամ աշխատանքային խնդիրների վրա:
«Չեմ կարծում՝ երիտասարդ դստերը նմանատիպ իրավիճակի մեջ ներքաշելն ինքնանպատակ է: Ինձ համար այդ ամենի առաջնահերթ նպատակներից մեկը քաղաքական օրակարգը շեղելն է, շեղել ուշադրությունը քաղաքական գլխադասային, կարևոր թեմաներից, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակից, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից. մենք այդպես էլ չենք հասկանում՝ ունե՞նք բանակցություններ, թե՞ չունենք, հունվարին պետք է տեղի ունենար բանակցություն, մինչև հիմա չգիտենք՝ դա տեղի ունենալո՞ւ է, թե՞ տեղի չի ունենալու: Ի՞նչ Մարիամիկ, ի՞նչ նամակագրություն, ինչի՞ մասին եք խոսում: Այսինքն՝ այս ամեն ինչը թողնենք, գանք, ձեզ համար թիթեռնիկ նկարե՞նք: Միգուցե ավելի լուրջ թեմաների՞ անդրադառնանք: Սա պետական համար մեկ խնդի՞րն է: Հնարավոր է, որ կան ինչ-որ ներանձնային, աշխատանքային խնդիրներ, գուցե, բայց ինչի՞ համար ամբողջ հանրապետությունը պետք է կենտրոնացած հետևի այդ զարգացումներին: Կեղծ օրակարգ ստեղծելը իշխանությունների կառավարման մեթոդաբանությունն է»,- պնդեց Լիլիթ Թումանյանը:
Տարեսկբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ՀՆԱ ցուցանիշով առաջ է անցել Վրաստանից և Ադրբեջանից, ապա ուղղեց գրառումը՝ ասելով, որ միայն Վրաստանից է Հայաստանն առաջ անցել: Սրան արձագանքեց Վրաստանի էկոնոմիկայի նախարարը՝ պնդելով, որ հաշվարկները սխալ են: Հոգեբան Միհրդատ Մադաթյանը վստահ է՝ ամեն բան արվում է այս հայտարարություններից շեղելու համար:
«Մեր ժողովուրդն էլ սիրում է նման ինտրիգային իրավիճակները, որ ֆոկուսը ցրվի գլոբալ այն ամենից, ինչը պատասխանատու ձևով ամենաբարձր ամբիոնից ասվեց: Սա էր, ու որևէ այլ բան չկար այստեղ, ուղղակի իրավիճակը ցրելու վիճակ է: Մեծ փուչիկ է փչվել, որը պայթում է այլևս, ու պետք է ինչ-որ կերպ այդ փուչիկը պահել ընտանեկան սերիալով:
Այդ պատմական փաստերը, որը պարոն Փաշինյանն ամեն անգամ բերում է ժողովրդին ուրախացնելու համար, հետզհետե սկսում է ցրվել, այդ մառախուղը ցրվում է: Ու վերջապես ժողովուրդը մտածելու ունակություն ունի և մտածելու շնորհիվ գալու է հասնի նրան, որ իրեն սխալ բաներ են ասում, ասածը չի համապատասխանում իրականությանը: Եթե մի քանի բան չի համապատասխանում, հնարավոր է, որ մնացածն էլ չի համապատասխանում, ու վերջապես ժողովուրդը իրականության դաշտ կգա ու այս թմբիրից էլ դուրս կգա»,- ասաց հոգեբանը: