«Ինքնաթիռի հրթիռային խոցման վարկածը չի բացառվում». Վլադիմիր Զելենսկի
Իրանում ուկրաինական Boeing-737-ի հրթիռային խոցման վարկածը չի բացառվում, բայց այն դեռեւս հաստատված չէ: Այդ մասին հունվարի 10-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ինքնաթիռի հրթիռային խոցման վարկածը չի բացառվում, բայց այսօրվա դրությամբ այն հաստատված չէ»,- հայտարարել է նա Telegram-ալիքում: Նախագահն ընդգծել է, որ, հաշվի առնելով ԶԼՄ-ներում պետություների ղեկավարների արած վերջին հայտարարությունները, Կիեւը կոչ է անում միջազգային բոլոր գործընկերներին, նախեւառաջ ԱՄՆ-ին, Կանադային եւ Մեծ Բրիտանիային, ավիաաղետին վերաբերող տվյալներն ու ապացույցները տրամադրել դրա պատճառների հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովին:
Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Օտտավան տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ կանադական հատուկ ծառայություններից, ստացել է տեղեկատվություն , որի համաձայն հանրանավը խոցվել է իրանական «երկիր-օդ» դասի հրթիռով: Ընդսմին նա ընդգծել է, որ Իրանը կարող էր մարդատար հանրանավը խոցել ոչ կանխամտածված: Համանման տեսակետ է հայտնել նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Մինչդեռ Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին «մեծ սուտ» եւ «խաբեբայություն» է համարել այն մեղադրանքները, թե «Ուկրաինայի միջազգային ավիաուղներ» ընկերության Boeing-737 ինքնաթիռը խոցվել է իրանական հրթիռով:
«Այն բանից հետո, երբ հայտնի կդառնա, որ մեղադրանքները խաբեբայություն են, ոչ ոք չի համարձակվի իր վրա վերցնել նման մեծ ստի պատասխանատվությունը»,- հայտարարել է Ռաբիին: Նա մեղադրանքները որակել է որպես «ԱՄՆ-ի կառավարության հոգեբանական գործողություն»: Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոյի տեղեկատվության համաձայն, ավիավթարի հետեւանքով զոհվել է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ; Զոհերի մեծ մասը Կանադայի եւ Իրանի քաղաքացիներ են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: