Ժամագործությունը զարգացնելու նախադրյալներ կան, ուշադրություն դարձնող չկա. ժամագործ
Ժամագործության բնագավառում Հայաստանի ազդեցությունը բարձրացնելու համար մեծ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն. վստահեցնում է «Կազանչյան» ժամագործական ընկերության հիմնադիր, սիրիահայ Րաֆֆի Կազանչյանը: Մասնագետը մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրեց, որ ԽՍՀՄ տարիներին Խորհրդային Հայաստանում կար «Ժամացույցի» գործարան, որը մեծ քանակությամբ արտադրանք էր արտահանում, իսկ այն, ինչ ունենք հիմա, բավարար չէ: Րաֆֆի Կազանչյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ ինքը ծնվել է ժամագործների ընտանիքում, հիմա էլ շարունակում է ընտանեկան գործը, աշխատում էր հիմնականում Մերձավոր Արևելքի երկրների հետ, սակայն վերջին տարիներին, պայմանավորված այնտեղ տիրող իրավիճակով, աշխատանքը չի ստացվում: Ժամագործը վստահ է՝ Հայաստանում ժամագործությունը կարող է զարգանալ, միայն թե ոլորտին ուշադրություն դարձնող չկա:
«Հայաստանի «Ժամացույցի» գործարանը չի աշխատում, խանութներ կան, տարբեր անուններ կան, բայց դա շատ մեծ հաջողություն չէ, սովորական է, պրիմիտիվ է: Հայ ժամագործական ֆեդերացիա կա, Շվեյցարիայի հետ կարող ենք կապերն ուժեղացնել, մասնագետներ հրավիրել Հայաստան, որ ժամագործություն սովորեցնեն, դպրոց բացվի, Կառավարությունը տեղ պետք է տրամադրի ժամացույցի ներկրվող կտորների համար, պետք է հասկանանք՝ հարկվելո՞ւ է, թե՞ չի հարկվելու: Անցյալ տարի էլ այս մասին խոսել եմ, որևէ արձագանք չունեմ»,- ասաց Րաֆֆի Կազանչյանը:
168.am-ի հարցին, թե Հայաստանում կա՞ն բավարար թվով ժամագործներ ոլորտի զարգացմանը նպաստելու համար, Կազանչյանը պատասխանեց, որ ժամացույցի գործ անողները շատ են, ժամագործները՝ քիչ, փոխարենը՝ մեծ ներուժ ունենք սփյուռքում: «Կազանչյան» ժամագործական ընկերության հիմնադիրն ասում է, որ այժմ Հայաստանից ժամացույցներն արտահանվում են Շվեյցարիա, ապա նոր՝ 120-150 երկիր, ինչը ձեռնտու չէ մեր շուկային: Ժամագործը մի քանի տարի առաջ Կառավարությանը ներկայացրել է Շվեյցարիայի հետ համագործակցության իր ծրագիրը, որի համար անհրաժեշտ է եղել Կառավարության օգնությունը, չի ստացել.
«Ես կապեր ունեմ, մեծ ծրագրեր ունեմ, որոնք կարող եմ անել, բայց աջակցություն է պետք, մենք կարող ենք ժամացույցի մասեր արտադրել Հայաստանում և ուղարկել Շվեյցարիա, այսօր Շվեյցարիան պատվեր է տալիս աշխարհի տարբեր երկրների, ինչո՞ւ Հայաստանը չլինի դրանց մեջ: Շվեյցարական 19 ընկերությունների հետ եմ խոսել, որ ես իրենց համար ժամացույցներ արտադրեմ Հայաստանում, որ ժամացույցը ոչ թե Շվեյցարիայից արտահանվի այլ երկրներ, այլ Հայաստանից, օրինակ՝ Ղազախստան, Ուզբեկստան: Ինձ ասել էին, որ սրան զուգահեռ՝ պետք է բավականին մեծ չափի ապրանք գնեմ։ Կառավարությանը խնդրել էի, որ հարկերը երեք տարով հետաձգեն, ոչ թե չեղարկեն, այլ հետաձգեն, սակայն Կառավարությունից ասացին՝ չենք ուզում կոռուպցիայի ու մանիպուլյացիայի տակ ընկնել»:
Րաֆֆի Կազանչյանը վստահեցնում է՝ իր առաջարկները կյանքի կոչելու համար մեծ ֆինանսներ պետք չեն, փոխարենը՝ լավ արդյունք կարելի է ստանալ: Հեղափոխությունից հետո Կառավարությանը չի դիմել, ասում է՝ իրենք բոլոր փաստաթղթերն ունեն, մեկը մյուսին կփոխանցեն: