«Ադրբեջանը տարածաշրջանում լավագույն գործակալական ցանցն ունի, պետք չէ զարմանալ, որ Հայաստանում ապրող հայն այդ լուրը տարածեց, վաղը կարող են ռումբ դնել». Գրիգորի Այվազյան

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի պնդմամբ՝ ԱՄՆ-Իրան լարված փոխհարաբերությունները վտանգավոր են Հայաստանի համար: Նա վստահ է՝ Ադրբեջանն օգտվում և օգտվելու է ստեղծված իրավիճակից:

Հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով իրականացված հատուկ գործողության հետևանքով սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, իրանական առանցքային զորահրամանատարներից գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին:

Իրանագետները սպասում էին, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն արագ  կարձագանքեն տեղի ունեցածին, սակայն վարչապետը կոչ արեց «տնայնագործ գեոպոլիտիկներին՝ հանգիստ նստել տեղները», և պնդեց, որ հանձնարարականները տրված են, և կան ինստիտուտներ, որոնք ի վիճակի են հետևել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր:

Իրանին ՀՀ վարչապետը ցավակցություններ հղեց միայն հաջորդ օրը՝ այն բանից հետո, երբ ադրբեջանական մամուլը տարածեց կեղծ տեղեկատվություն, թե Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար: Ըստ ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի՝ շատերին զարմացրած այս սադրանքը որոշակիորեն հասել է իր նպատակին:

«Մենք դա հերքեցինք և միայն հետո Իրանի ղեկավարությանը ցավակցեցինք, որ է՛լ ավելի ամրապնդենք այդ հերքումը, ուրեմն Ադրբեջանն առնվազն հասավ նրան, որ մենք մեր չեզոքությունն ԱՄՆ-ի աչքերում կորցրինք: Այս պարագայում մենք հերքեինք թե չհերքեինք, միևնույն է՝ Ադրբեջանը հաղթանակած դուրս կգար. մենք պետք է կանխատեսեինք և կանխարգելեինք դա: Եթե այդ հայտարարությունը չլիներ, հարկ չէր լինի Իրանին ցավակցություն հայտնել և այս պարագայում ԱՄՆ-ի աչքերում ոչ կոնստրուկտիվ և ոչ դաշնակից երևալ: Այնպիսի զարմանք է տիրում, որ կարծես մեր երկրներում չգիտեն, որ Ադրբեջանը տարածաշրջանում լավագույն գործակալական ցանցն ունի, պետք չէ զարմանալ, որ Հայաստանում ապրող հայն այդ լուրը տարածեց, վաղը կարող են ռումբ դնել»,- ասաց ադրբեջանագետը:

Գրիգորի Այվազյանը կոչ է անում պատրաստվել Ադրբեջանի հետագա սադրանքներին, որոնք, իր վստահեցմամբ, լինելու են: Այսօր Իրանը ռմբակոծել է ԱՄՆ-ի՝ Իրաքում տեղակայված ռազմաբազաները: Փորձագետի կարծիքով՝ ԱՄՆ-ը ուժեղ հակահարված է տալու եղածին, և եթե հանկարծ պատերազմ սկսվի, սա կարող է կենսական նշանակություն ունենալ Հայաստանի համար, իսկ պատերազմի բռնկումը ձեռնտու է Իսրայելին և Ադրբեջանին, որ կարողանան ԱՄՆ-ի ձեռքերով ազատվել Իրանից:

«Եթե այս բացասական սցենարով գործընթացը գնա, մեզ համար բավականաչափ դժվար ժամանակահատված է սպասվում՝ վտանգներով լի։ Առաջին հերթին՝ Իսրայելը և ԱՄՆ-ը Իրանի դեմ պայքարում՝ իրենց որպես հենակետ, բազա, դիտարկում են Ադրբեջանը, որին էլ ձեռնտու է, որ այդ հակամարտությունում Իրանը ջախջախիչ պարտություն կրի, որ կկարողանա գրավել հյուսիսային Իրանը։ Այստեղ կարող է սրացում մտցվել ղարաբաղյան հակամարտության գոտում։ Ադրբեջանը կփորձի ինչ-որ բան շահել»,- ասաց Գրիգորի Այվազյանը:

Հնարավոր պատերզամի դեպքում, ադրբեջանագետը կանխատեսում է, որ Իրանը լիակատար հաղթանակած դուրս չի գա: Նա պնդում է, որ տարածաշրջանում նման զարգացումներն ամենաքիչը Հայաստանին են ձեռնտու, և մենք պետք է միջնորդի դեր ստանձնենք:

«Եթե հանկարծ Իրանը սկսի փլուզվել, ցավում եմ, որ այս փլատակների տակ կարող է հայտնվել նաև մեր պետականությունը: Մենք պետք է միջնորդի դեր խաղանք Արևմուտքի և Իրանի միջև, քանի որ մեզ համար դա կենսական, գոյատևման հարց է: Որոշ մարդիկ ասում են՝ մեր պետությունը փոքր է տարածքով, այդպիսի ազդեցություն մենք չունենք, մեծ տերություններ են, այդ մարդիկ թերագնահատում են սեփական պետությունն ու ազգը: Նույն տարածաշրջանում մենք ավելի փոքր պետություն ուենք՝ Իսրայելը, որը, տեսնում ենք՝ ինչ դերակատարություն ունի»,- ասաց Ադրբեջանահայերի ասմաբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:

Տեսանյութեր

Լրահոս