«Նախիջևանի ուղղությամբ մարտական հենակետերի համակարգում վատացում չենք ունեցել». Արտակ Դավթյան
Դիրքային առավելություն հասկացողությունը, հատկապես լեռնային շրջաններում, հիմնականում վերաբերում է նրան, երբ դիրքն ունի գերիշխող բարձրություն և կարողանում է կրակի տակ պահել կամ վերահսկել: Նման հատվածներ մենք ունենք բոլոր սահմաններում: Այս մասին լրագրողների հետ տարեվերջյան հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե նախիջևանյան թևում դիրքային առավելությունն ո՞ւմ կողմում է՝ ադրբեջանակա՞ն, թե՞ հայկական, և որքանո՞վ են հիմնավորված տարբեր քաղաքագետների կողմից հնչող մտահոգությունները և պնդումներն այս մասին:
«Որոշակի տեղ հակառակորդն ունի գերիշխող բարձրություն, տեղ կա՝ մերոնք: Ընդհանուր առմամբ, մոտավորապես 30-40 տոկոսով ավելի են մեր գերիշխող դիրքերը: Կոնկրետ Նախիջևանի օպերացիոն ուղղությամբ շահարկումներ պարբերաբար լինում են, բավականին շատ մեկնաբանություններ եղան նախկին դեպքերի հետ կապված, որից հետո մենք կազմակերպեցինք լրագրողների այց: Էական փոփոխություններ այս պահի դրությամբ չկան: Մենք ունեցել ենք վերջին 2-3 ամսվա ընթացքում որոշակի փոփոխություններ մեր դիրքերի բարելավման առումով, բայց դրանք ընդհանուր ռազմավարական տեսակետից ունեն տեղային բնույթ: Բավականին մեծ աշխատանք ենք իրականացրել հենակետերի ամրապնդման, ճանապարհային ցանցերի լայնացման և զարգացման ուղղությամբ, որը մեզ թույլ է տալիս ժամանակը կրճատել. նախկին երեք ժամվա փոխարեն՝ զորքը տեղաշարժել 40 րոպեում: Այս ուղղությամբ մարտական հենակետերի համակարգում վատացում չենք ունեցել: Կրկնում եմ՝ ունեցել ենք որոշակի բարելավում, որը կրել է մարտավարական բնույթ»,- մանրամասնեց Դավթյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ շատ ջանքեր է գործադրում՝ ուժեղացնելու Նախիջևանի համազորային բանակը:
«Սպառազինության, ռազմական տեխնիկայի նմուշներ, որ նախկինում նրանք չեն ունեցել, հիմա ունեն: Բայց դրան զուգընթաց՝ մենք էլ համապատասխան միջոցառումներ ենք ձեռնարկում՝ թույլ չտալու Նախիջևանի ուժերի կողմից սպառազինության գերակայություն ունենալ, որը թույլ կտա նրանց վստահ զգալ այդ ուղղությամբ առանձին գործելու ժամանակ: Մեր կողմից հակազդող միջոցներ ձեռնարկվում են»,- վստահեցրեց ԳՇ պետը: