
Սպիրտով աշխատող դրոնը ռեկորդ է սահմանել օդում

Չինացի գիտնականները թեստավորել են FY-36 փորձարարական դրոնը: Մեթանոլով վառելիքային համակարգով մոդելն օդում մնացել է գրեթե 12 ժամ, ինչը South China Morning Post-ը ռեկորդային ցուցանիշ է համարում։
Անօդաչու թռչող ապարատի մշակմամբ զբաղվել են Տյանցզինի դրոններ արտադրող Feye UAV Technology-ն, Դալյանի քիմիական ֆիզիկայի ինստիտուտը եւ Չինաստանի Գիտությունների ակադեմիան: 15 կիլոգրամ քաշով եւ չորս պտուտակով, մեթանոլի վառելիքային տարրով ապարատը կարող է զարգացնել ժամում մինչեւ 90 կիլոմետր արագություն: Մասնագետների հաշվարկներով՝ մեթանոլով մարտկոցը կարող է 70 անգամ ավելի էներգիա արտազատել, քան լիթիումաիոնային կուտակիչը:
FY-36-ի մշակումը ղեկավարած Չժան Վենյուն նշել է, որ վառելիքի նոր աղբյուրը կփոխի իրադրությունն անօդաչու թռիչքների սեգմենտում: Գիտնականների խոսքով՝ սպիրտային քարշաուժով դրոնը կարելի է օգտագործել որոնողափրկարարական գործողություններում, օդալուսանկարահանման համար, գիտական եւ ռազմական նպատակներով: