«Պետք է ստեղծել մի շերտ, որն անհնարին կդարձնի հետագա պոպուլիստական հեղափոխությունները». Վազգեն Մանուկյան
«Հայաստանում իշխանությունը պոպուլիստների և նեոլիբերալների ձեռքում է»,- այս կարծիքին է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի ղեկավար Վազգեն Մանուկյանը:
Նրա խոսքով՝ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին երկրում աստիճանաբար նվազել էին գաղափարական հզոր կուսակցությունները, կորցրել էին ազդեցությունը քաղաքական դաշտում, ձևավորվել էր անվստահության մթնոլորտ ընտրությունների նկատմամբ: Հենց դրա հետևանքով քանդվեցին հզոր կուսակցությունները, ու քաղաքական դաշտի ամայի հողի վրա իրենց տեղը զբաղեցրին, ըստ Մանուկյանի, քիչ թե շատ պոպուլիստական հոսանքի ներկայացուցիչներ:
«Պոպուլիզմը ոչ այնքան առաջարկում է նոր գաղափարներ և նոր կառույցներ, նոր համակարգ, ինչքան բոլոր չարիքների, դժբախտությունների ու թերությունների մեջ մեղադրում է հենց իշխանավորներին, անձերին՝ մեղադրելով նրանց անբարոյականության մեջ, ատելությունն էլ դրոշ սարքելով՝ հնարավոր է լինում գնալ առաջ»,- նկատեց Մանուկյանը՝ հավելելով, որ գաղափարական կուսակցությունների քանդվելուց հետո ամայի հողի վրա մնացին նաև դրսից գրանտներ ստացող հասարակական կազմակերպությունները, որոնք էլ առաջ էին տանում նեոլիբերալ հոսանքը:
Մանուկյանի կարծիքով՝ այդ հասարակական կազմակերպությունները, ի տարբերություն կուսակցությունների, ֆինանսական խնդիրներ չունեին, քանի որ նրանց պաշտպանում և դրամաշնորհներ է տրամադրում Արևմուտքը:
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի ղեկավարի համոզմամբ՝ 2018 թվականին պետությունը զարգանում էր, բայց դա ժողովրդին չէր բավարարում, քանի որ ժողովրդի մոտ տպավորություն էր, թե իշխանությունն իրենից օտարված է ու անում է այն, ինչ ուզում է:
Մանուկյանը վստահեցնում է, որ սխալ է ասել, թե միայն Նիկոլ Փաշինյանն է իշխանության եկել: Ըստ նրա՝ իշխանությունը կազմված է պոպուլիստական և նեոլիբերալ հոսանքներից:
Յան-Վերներ Մյուլլերի «Ինչ է պոպուլիզմը» գիրքը հայաստանյան իրականության վրա պրոյեկտելով՝ Մանուկյանը ներկայացրեց պոպուլիզմի երեք հատկանիշները Հայաստանում:
Առաջին կետով նշվում է, որ պոպուլիստներն իշխանությունը վերցնում են ամբողջությամբ, զավթում են իշխանությունը, ու իրենց համար կարևոր է դառնում դատական համակարգն իրենց ձեռքը վերցնելը:
«Այն դեպքում, երբ հնարավոր չի լինում դատական համակարգն իրենց ձեռքը վերցնել, իրենք ամեն ինչ անում են, որ պարալիզացնեն դատական համակարգը: Հայաստանում այդ երևույթը տեսնում ենք բացահայտ»,- նկատեց Վազգեն Մանուկյանը:
Երկրորդ կետի համաձայն՝ պոպուլիստներն իշխանության գալով՝ իրենց հռչակում են ժողովրդի ներկայացուցիչ: Ու չեն ընդունում ժողովրդի այն հատվածի կարծիքը, որը տարբերվում է իրենց կարծիքից: Դա անվանում են նախկինների, ծախվածների կամ ժողովրդի թշնամիների կարծիք: Արդյունքում՝ ժողովրդին բաժանում են 2 մասի, ու երկրում պակասում է այլընտրանքային կարծիքը: Մանուկյանը վստահեցնում է, որ դա ևս Հայաստանում բացահայտ է:
Պոպուլիզմը բնութագրող երրորդ կետի համաձայն պոպուլիստները պնդում են, որ ժողովրդի փրկիչն են, ինչը նշանակում է, որ իշխանությունը ոչ մեկին չպետք է տան:
«Դա բերում է յուրայինների ու թնշամիների բաժանման: Յուրայիններին կարելի է ամեն ինչ, թշնամիների հետ խոսում են դատարանների և օրենքի միջոցով»,- ասաց Մանուկյանը՝ նկատելով, որ Հայաստանում նկատվում են պոպուլիզմը բնորոշող երրորդ կետի նշույլները միայն:
«Բայց հիմա միայն իրենք չեն իշխանության: Իշխանություն են նաև նեոլիբերալները՝ դրսի գրանտներով ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները: Այդ գրանտներով այդ հասարակական կազմակերպություններն իշխանության գալով՝ սկսում են իրականացնել այն գաղափարախոսությունը, որը մինչ իշխանության գալը միայն քարոզում էին»,- ասաց Մանուկյանը:
Ըստ Մանուկյանի՝ խոսքը նեոլիբերալիզմի մասին է, որն ընդամենը քողարկում է հակաազգային լիբերալիզմը:
«Մեր հասարակությանը մի վիրուս, թույն են ներարկել, ու մեր իմունային համակարգը պետք է ստեղծի հակամարմիններ, որ այդ հիվանդությամբ հետո ավելի լուրջ չհիվանդանանք»,- փոխաբերական իմաստով պատկերեց առկա իրավիճակը «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի ղեկավարը:
Այս խնդրի լուծման համար Մանուկյանն առաջարկում է նախ դիմադրել, բանավիճել, հետո ձևավորել Հայաստանում մի շերտ՝ մտավորականի, ռազմական, կրոնական, քաղաքական գործիչների, գործարարների, որը զերծ կպահի Հայաստանը պոպուլիստական ցնցումներից, անհնարին կդարձնի պոպուլիստական հեղափոխությունները: Մանուկյանը վստահեցնում է՝ իշխանությունը պահելու կամ փոխելու կոչեր չի անում: Իր նպատակն ավելի բարդ է: