Ադրբեջանը վերահսկում է մեզ համար շատ կարևոր՝ Արարատի մարզով Իրան և Արցախ տանող միջպետական ճանապարհը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, Հայաստանը՝ ոչ: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովի ընթացքում հայտարարեց քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը՝ նշելով, թե հանրությանը պետք է պատրաստել պատերազմի, որովհետև թե՛ հոգեբանորեն, թե՛ տեղեկատվական, թե՛ սպասվող իրադարձությունների ընկալման տեսակետից հանրությունն այդ պատերազմի վտանգը չի տեսնում:

«Մեր իշխանություններն անընդհատ վստահեցնում են, որ Հայաստանում տեղի ունեցած գործընթացները ժողովրդավարության այնպիսի մակարդակի են հասցրել մեր երկիրը, որ նման ժողովրդավարություն ունեցող երկրի վրա հարձակում պարզապես բացառված է ժամանակակից աշխարհում, և հենց դա են համարում անվտանգության հիմնական երաշխիքներից մեկը, ոչ թե բանակը, ոչ թե տնտեսության զարգացումը, այլ միջազգային հանրությունում Հայաստանի, այսպես կոչված, «ժողովրդավարական իմիջի» ընկալումը, որը պետք է ուժեղ փականներ դնի ցանկացած երկրի առջև, որը կցանկանա, կմտածի, որ կարող է ռազմական ճանապարհով հարցեր լուծել»,- ասաց Մելիք-Շահնազարյանը՝ ակնարկելով, որ այս տեսությանը, բացի իշխանություններից, ոչ մեկը  չի կարող հավատալ, մյուս կողմից ընդունելով՝ հասարակության մեջ կա բավական մեծ զանգված, որը կուրորեն հավատում է Նիկոլ Փաշինյանի շուրթերից հնչող ցանկացած խոսքի:

«Ինքը վստահ է՝ քանի որ մենք ժողովրդավար պետություն ենք, ուրեմն Ադրբեջանը երբեք չի փորձելու հարձակվել Արցախի վրա, իսկ հակամարտությունն էլ լուծվելու է այնպես, ինչպես պատկերացնում է Նիկոլ Փաշինյանը: Մինչդեռ, եթե մենք նայենք Ադրբեջանի գործողություններին, կտեսնենք, որ վերջին գրեթե երկու տարում, մինչ մենք զբաղված էինք մեր ներքին խնդիրներով, Ադրբեջանը պարբերաբար մեկը մյուսից մեծ, մասշտաբային ռազմական զորավարժություններ է անցկացրել: Ամեն ինչ արել է՝ պատրաստվելու պատերազմին. աշխատել են թե՛ ռազմական կոմպոնենտի ուժեղացման ուղղությամբ, թե՛ դիվանագիտական արգելքները և խոչընդոտները վերացնելու,  և թե՛ համապատասխան ներքին վերադասավորումների»,- ասաց քաղաքագետը՝ նշելով, որ արցախյան բանակցային գործընթացում ստեղծվել է մի իրավիճակ, երբ միջազգային հանրությունը և միջնորդները խոսում են մեկ լեզվով, և Հայաստանի իշխանությունները, կարծես թե, հայտնվել են այդ համագործակցության շրջանակներից դուրս: Այսինքն՝ միջազգային հանրությունը հակադրվում է Հայաստանի պետական դիրքորոշմանը:

«Ադրբեջանը պարզապես օգտվել է այն փաստից, որ Հայաստանի նոր իշխանությունները գաղափար չունեին բանակցային գործընթացի տրամաբանությունից, գոյություն ունեցող վտանգներից, հնարավորություններից, և շատ արագ, առաջին հերթին՝ Ադրբեջանը վերացրեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններով ստանձնած իր պարտավորությունները և դրանք փոխարինեց վերելակային կարճ պայմանավորվածություններով: Ադրբեջանը սկսեց օգտագործել նաև իր աշխարհագրական դիրքը, էներգակիր ռեսուրսների հնարավորությունները: Կամ փաստը, որ ՌԴ-ն Ադրբեջանին ցանկանում է տեսնել ԵԱՏՄ-ում, ինչպես նաև այն, որ ունի Թուրքիայի նման հզոր դաշնակից: Այսօր ստեղծվել է իրավիճակ, երբ պատերազմի դիվանագիտական զսպման բոլոր մեխանիզմներից Հայաստանն այսօր զրկված է»,- նշեց քաղաքագետը՝ շարունակելով, որ Ադրբեջանը Նախիջևանում նոր դիրքեր է ձեռք բերել՝ օգտվելով վերելակային այն պայմանավորվածությունից, որ չենք կրակելու:

«Վերելակում խոստացանք, որ չենք կրակելու, իրենք էլ դա օգտագործեցին և ամրապնդեցին, և հիմա վերահսկում են մեզ համար շատ կարևոր միջպետական ճանապարհ՝ Արարատի մարզով Իրան և Արցախ տանող: Արցախում էլ ամբողջ առաջնագծով ստեղծել են կառույցներ, կատարել ինժեներաշինարարական աշխատանքներ՝ ամեն պահի իրենց ցանկացած դիրքից անվտանգ հարձակում սկսելու, դրանով լուրջ խնդիրներ առաջացրել մեր զորքերի համար»,- ընդգծեց Մելիք-Շահնազարյանը:

Անդրադառնալով հարցին էլ, թե այդ պատերազմն ինչո՞ւ մինչ օրս չկա, քաղաքագետն ասաց, թե պատճառն այն է, որ այն մարդիկ, որոնք հույս ունեն, թե կարող են տարածքային զիջումների հետ կապված քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերել Նիկոլ Փաշինյանի հետ, շատ լավ գիտեն, որ նույն պայմանավորվածությունը չեն կարող ձեռք բերել հայ ժողովրդի և Հայաստանի անվտանգության կարևորագույն ինստիտուտների հետ՝ բանակ, անվտանգության ծառայություններ, փորձագիտական շրջանակներ:

Տեսանյութեր

Լրահոս