«Ո՞վ է խլում 14.5 միլիոն դոլարով», կամ ինչո՞ւ ՄԻԵԴ-ը վարույթ չընդունեց Սուքիասյանի դիմումը

Դեկտեմբերի 2-ին Կոտայքի մարզում գործարար Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, որ «Բջնի» հանքային ջրերի գործարանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից խլվել է անօրինական, և ամբողջությամբ այդ գործարանը պետք է վերադարձվի իրավական ճանապարհով:

«Ես կարծում եմ՝ նրանք իրավական ճանապարհով չեն վերցրել, այլ՝ ամբողջը կեղծ փաստաթղթերով: Ամեն ինչը կեղծ է: Դրանով զբաղվում են փաստաբանները, որոնք որ ժամանակին մեզ տեղեկացրել են»,- մասնավորապես ասել էր նա:

168.amփաստաբան Արտաշես Կակոյանից, ով քաջատեղյակ է «Բջնի» գործարանի հետ կապված իրավական բոլոր գործընթացներից, փորձեց տեղեկանալ, թե, ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել 2008-2009թթ.:

«2008թ. հարկային մարմինները «Բջնի» հանքային ջրերի գործարանի վրա ակտ են գրել, որն իր մեջ ունեցել է բնօգտագործման վճարի հետ կապված մաս: Իրենք 2009թ. դա վիճարկել են, պահանջել են այդ ակտն առոչինչ ճանաչել, ինչը չի բավարարվել: Դատական բոլոր ատյաններով անցնելուց հետո վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Հետո, բնականաբար, քանի որ ընկերությունը չի վճարել, սկսվել է սնանկության վարույթ, դրա շրջանակներում գույքը գնահատվել է, դրվել է աճուրդի»,- ասաց Արտաշես Կակոյանը՝ հավելելով, որ տեղի է ունեցել մեկ աճուրդ, որի ընթացքում չի վաճառվել գույքը:

Դրան հետևել է «Ռոյալ Արմենիա սիգարետ» ընկերության (Ռ. Հայրապետյանին պատկանող ընկերությունը, որը գնել էր «Բջնին», ապա՝ վերանվանվել) ուղղակի առաջարկը՝ գույքը իրեն վաճառել գնահատված գնով, և պարտատերերի ժողովում որոշված կարգով, պայմաններով, գնով այն վաճառվել է նշված ընկերությանը:

«Ընդ որում, մի շատ կարևոր հանգամանք էլ նշեմ: Որքան հիշում եմ, 5 մասնաբաժնով, որից առաջինը՝ 500 միլիոն դրամ, մյուսները՝ 950 միլիոն, ողջ գումարը վճարվել է: Ժամանակացույց էր նշանակվել, և բոլոր մասնաբաժինները փոխանցումով վճարվել են ժամկետից շուտ: Դա կազմել է 4 միլիարդ և 300 միլիոն դրամ գումար: Այսինքն՝ այն ժամանակվա համար բավականին թանկ, մոտ 14.5 միլիոն դոլար գումարով է Ռուբեն Հայրապետյանը գնել գործարանը»,- ասաց իրավաբանը:

Ըստ Արտաշես Կակոյանի՝ երբ 2008թ. սկսվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամը, իսկ գույքը գնահատողները, ըստ երևույթին, այն գնահատել էին նախկին տնտեսական վերելքի ազդեցության տակ, միևնույն է, Ռուբեն Հայրապետյանը, այն վիճակով, որով ձեռք բերեց այդ գործարանը, վճարեց ժամանակի համար բավականին բարձր՝ 14.5 միլիոն դոլար գին:

«Ո՞վ է խլում 14.5 միլիոն դոլարով: Անհասկանալի հայտարարություն է անում Խաչատուր Սուքիասյանը: Խլելու վերաբերյալ մի ևս շատ կարևոր խնդրի եմ ուզում անդրադառնալ: Սնանկության վարույթի ընթացքում նախ իրենք կարող էին նույն գինը վճարել, սնանկությունն ավարտել, և գույքը չէր կորչի: Այդ հնարավորությունը կար: Բացի դրանից, երբ տեղի է ունեցել աճուրդ, որին ոչ ոք չի մասնակցել, կարող էին իրենց կամ փոխկապակցված անձանց ընկերությունների միջոցով իրենք մասնակցել աճուրդին և լինելով միակ մասնակից՝ իրենք էլ ձեռք կբերեին նշված գույքը»,- ասաց Արտաշես Կակոյանը:

Ըստ էության վաճառքի միակ առաջարկ, ըստ իրավաբանի, արել է  «Ռոյալ Արմենիա սիգարետ» ընկերությունը:

Մեր հարցին, թե ինչո՞ւ է հետագայում ընկերությունն անվանափոխվել, Արտաշես Կակոյանն ասաց՝ քանի որ վերջին պահին է որոշվել վաճառքի առաջարկ անել, իսկ նոր ընկերություն ստեղծելը երկար կտևեր այն ժամանակ, գործարքին ընկերությունը մասնակցել է «Ռոյալ Արմենիա սիգարետ» անվամբ:

«Բայց պարզ է, չէ՞, որ հանքային ջրերի գործարանին այդ անունը չէր համապատասխանում, և պետք է անվանափոխություն լիներ: Այստեղ ոչ մի ինտրիգ չկա: Եվ որպեսզի համապատասխանի իր գործունեության ձևին, ընկերությունն անվանափոխվեց՝ դառնալով «ՌՌՌ հանքային ջրերի գործարան» ՓԲԸ:

Հարցրեցինք նաև, թե ի՞նչ տեղեկություն ունի այն մասին, որ, ըստ մեզ հասած լուրերի, Խաչատուր Սուքիասյանի՝ տարիներ առաջ այդ գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ուղարկված դիմումը վարույթ չի ընդունվել:

«Այո, 2009-ին իրենք դիմել են ՄԻԵԴ: Այն ժամանակ մեր ունեցած ինֆորմացիայի համաձայն՝ ՄԻԵԴ-ում գործն ուսումնասիրվել է single judge սկզբունքով: Այսինքն՝ գործը նայել է մեկ դատավոր: Չեմ տիրապետում Եվրոպական դատարանի ներքին խոհանոցին, բայց, թերևս, գործի բարդությունից ելնելով է որոշվել դատարանի կազմը: Դատավորը մերժել է գործը քննության ընդունել, որովհետև դիմումը չի համապատասխանել դիմումին ներկայացվող պահանջներին, սակայն հնարավոր էր դա շտկել և նորից դիմել»,- ասաց Արտաշես Կակոյանը՝ շեշտելով, որ չգիտի, թե ինչ նկատառումներով դա չեն արել, որովհետև իրենք շատ բարձրակարգ փաստաբաններ են ունեցել, և եթե նրանք իրենց վստահորդից համապատասխան առաջարկ ստանային, կրկին կդիմեին ՄԻԵԴ:

Իրավաբան Ա. Կակոյանի մոտ Խաչատուր Սուքիասյանի արտաբերած «Ինձնից գործարանը խլել են, ես այն պետք է իրավական ճանապարհով վերադարձնեմ» արտահայտությունը մի քանի իրավաբանական հարցեր է առաջացնում:

«14.5 միլիոն դոլարով գործարանը գնել են իրենցից, երբ իրենք կարող էին սնանկությունն ավարտեին կամ աճուրդով գնեին: Երբ աճուրդը եղել է, «Արմենիա Ռոյալ սիգարետը» չի եղել այդ պրոցեսի մեջ, բայց իրենք կային և կարող էին մասնակցել ու իրենց հետ աֆիլացված ընկերություններից որևէ մեկի միջոցով գնել: Ես ուզում եմ զուտ իրավական տեսանկյունից հասկանալ՝ Ռուբեն Հայրապետյանը գործարանը ձեռք է բերել 14.5 միլիոն դոլարով, հետո ներդրումներ է արել, այսինքն՝ ի՞նչ է ենթադրվում: Այդ գումարը պետք է կորչե՞ր: Կամ եթե պետության հետ խնդիր ունեիք, ու տարբեր ատյաններում դատի էիք տվել, վերջում էլ Եվրոպական դատարանից հրաժարվել եք… Ես չեմ հասկանում այս գործելակերպը»,- ասաց Արտաշես Կակոյանը:

Վերջինս նշում է, որ սրանից «ռևանշիզմի» և սեփականության վերաբաշխման նկրտումների հոտ է գալիս:

«Խաչատուր Սուքիասյանը մեր երկրի տնտեսական զարգացման ու հեռանկարների մասին հեռուստատեսային ելույթների ժամանակ ամեն բան շատ վառ գույներով է ներկայացնում: Բայց այն, ինչ ինքն ասում է, ու այն, ինչ ես տեսնում եմ, հակադիր բևեռներ են, որովհետև ես աշխատում եմ ներդրումների ոլորտում արդեն 21 տարի, ու Հայաստանի ամենախոշոր ինվեստիցիաների զգալի մասը մեր գրասենյակի միջոցով է անցել, նաև միջազգային դատավարությունների ենք մասնակցել, ու պետք է ասեմ, որ ներդրողները ուշի ուշով են նայում նման բաներին»,- ասաց «Ինվեստմենթ Լո Գրուպ» ՍՊԸ տնօրեն Արտաշես Կակոյանը:

Ըստ իրավունքի մասնագետի՝ ներկայումս հանքային ջրերի գործարանների հետ կապված շատ ներդրումային նախագծեր կան, որոնք սառեցվել են, որովհետև ներդրողները ցանկանում են հասկանալ՝ արդյո՞ք մեր երկրում սեփականության վերաբաշխում է սկսվում:

2008-2009թթ. «Բջնիի» գործով Խաչատուր Սուքիասյանի շահերը ներկայացնող փաստաբան, ներկայումս՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից 168.am-ը նույնպես ցանկացավ ճշտել, թե, ի վերջո, այս գործը ինչո՞ւ իրենք չհասցրեցին ՄԻԵԴ:

«Մեր գրասենյակը ներկայացրել է «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի շահերը ներպետական ատյաններում: Վեճը վերաբերել է ոչ իրավաչափ ստուգման ակտին, որի միջոցով ընկերությանն առաջադրվել էր ավելի քան 4 միլիարդ դրամի պարտավորություն բնօգտագործման վճարի գծով, այն բանի համար՝ իբրև ջրաչափը սխալ է տեղադրված եղել: Խնդիրը կայանում էր նրանում, որ ջրաչափը տեղադրվել է բնապահպանական տեսուչի կողմից՝ ակտով: Տեղադրելուց հետո մի քանի անգամ ստուգումներ են եղել, և կազմվել են տեղեկանքներ խախտումների բացակայության մասին: Մինչդեռ հետո, երբ Սուքիասյանների նկատմամբ սկսվել էին հետապնդումները, «պարզվել է», որ ջրաչափը սխալ է տեղադրված, և տեսուչները գետը լցվող ջրի հոսքը լիտր/վայրկյան հաշվելով՝ տարածել են նախորդ ժամանակահատվածի վրա՝ ստանալով մոտ 4 միլիարդ դրամի հաշվարկը»,- իրադարձությունների իր տարբերակը ներկայացրեց Արա Զոհրաբյանը:

Վերջինս ասաց նաև, որ ՄԻԵԴ-ին գանգատ ներկայացվել է, իսկ հետագայում ՄԻԵԴ-ի հետ կապված այլ փաստաբանական թիմ է ներկայացրել ընկերության և Սուքիասյանների շահերը:

«Իմ տեղեկությամբ՝ նշված փաստաբանական նոր թիմը բարձրակարգ իրավաբանական օգնություն է ցույց տվել այդ փուլում: Այլ մանրամասներին կդժվարանամ պատասխանել»,- եզրափակեց Արա Զոհրաբյանը:

Մեզ չի հաջողվել պարզել, թե որ փաստաբանական թիմն է հետագայում ներկայացրել Սուքիասյանների շահերը ՄԻԵԴ-ում, սակայն, եթե այդ թեմայով վերջիններս ասելիք ունենան, 168.am-ը սիրով կհրապարակի այն:

Ի դեպ, Խաչատուր Սուքիասյանը ՄԻԵԴ-ի դիմումով որպես նյութական և ոչ նյութական ծախսերի փոխհատուցում՝ պահանջում էր 214 միլիոն 194 հազար 940 եվրո գումար:

Տեսանյութեր

Լրահոս