«Այս պահին առողջապահական համակարգը պատրաստ չէ համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը». Նարեկ Զեյնալյան
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ Հայաստանի բնակչությանը մատչելի ու հասանելի բուժօգնություն մատուցելու դեպքում ապահովագրական համակարգն այլընտրանք չունի:
«Այլ տարբերակ չունենք, քան ապահովագրական համակարգը ներդնելու, որպեսզի երկրի ողջ բնակչությանը հասանելի լինի բուժօգնության բոլոր տեսակները: Այստեղ խնդիրը մեխանիզմների և մանրուքների մեջ է, քանի որ լայն քննարկում է ստացել աշխատավարձի 6 տոկոսը, բայց ամենևին էլ առաջնայինն այդ 6 տոկոսը չէ: Այս չափը դեռ շատ կքննարկվի, կվերլուծվի, կհաստատվի և, հնարավոր է՝ փոփոխվի, անհրաժեշտ է ավելի խորքային ու բովանդակային վերլուծություն: Ցավում եմ, որ այժմ քննարկումները ծավալվում են միայն այդ 6 տոկոսի շուրջ: Պետք է հասկանանք՝ մեր առողջապահական համակարգը դրան պատրա՞ստ է, թե՞ ոչ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Նարեկ Զեյնալյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առաջարկած նախագիծը՝ ապահովագրության համապարփակ համակարգի ներդրման վերաբերյալ, այս պահին որքանո՞վ է իրատեսական:
Նա նաև ընդգծեց. «Այս պահին վստահաբար առողջապահական համակարգը պատրաստ չէ համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը, սակայն պետք է սկսել բարեփոխումներ անել, և այնպիսի բարեփոխումներ, որն ուղղված կլինի ապահովագրական համակարգի ներդրմանը»:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջանառության մեջ է դրել առողջապահության համապարփակ ապահովագրության վերաբերյալ նախագիծ, որով առաջարկում է սահմանել առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով: Առաջարկը շրջանառության մեջ դնելուց հետո հնչում են տարբեր կարծիքներ, որոնց գերակշիռ մասը բացասական է, ըստ այդ կարծիքների՝ Հայաստանում ոչ բոլորն են աշխատող, և աշխատողներն էլ այնպիսի աշխատավարձ չեն ստանում, որի 6 տոկոսն առողջապահության հարկ տան։
Անդրադառնալով նախագծին՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, թե նկատել է, որ առողջապահության համապարփակ ապահովագրությանը դեմ են արտահայտվում այն մարդիկ, որոնք ունեն կամավոր բժշկական ապահովագրություն, կամ այն մարդիկ, որոնք ունեն բարձր եկամուտ:
«Ամեն դեպքում մենք մեր առողջության վրա ծախսում ենք շատ ավելին, քան առաջարկում ենք նոր մեխանիզմով։ Մեզ բացարձակ էական չէ այդ ֆինանսների աղբյուրը, կարևորը նպատակն է, եթե նպատակին համաձայն ենք, ապա աղբյուրների հարցում կարող ենք բանավիճել»,- ուղիղ եթերում նշել էԱրսեն Թորոսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում