«Նոր Հայաստանում բացառվում է երեխաների ապօրինի որդեգրում». Նարեկ Զեյնալյան
Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ Հայաստանում երեխաների ապօրինի որդեգրման մասշտաբներն այն չափի են հասնում, որ այն հնարավոր չէր կազմակերպել մեկ-երկու հոգու մասնակցությամբ:
«Նախաքննությունը շարունակվում է, և բոլոր կազմակերպիչները կբացահայտվեն, սակայն տրամաբանությունն ինձ հուշում է, որ այս գործում բազմաթիվ մարդիկ կարող են ներգրավված լինել, նաև՝ պաշտոնյաներ: Որևէ բառով այս արարքը չեմ կարող նկարագրել: Սա ևս մեկ ապացույց է նախկին իշխանությունների վերաբերմունքի՝ այս ազգի, պետության և երեխաների վերաբերյալ: Հուսով եմ, որ նախաքննությունը բոլոր հանգամանքները կբացահայտի, և մեղավորներն իրենց արժանի պատիժը կստանան»,- նշեց Նարեկ Զեյնալյանը:
Հարցին՝ նոր Հայաստանում նման դեպքեր բացառո՞ւմ եք, Նարեկ Զեյնալյանը պատասխանեց. «Միանշանակ»:
Ինչ վերաբերում է Ռազմիկ Աբրահամյանի խափանման միջոցի փոփոխությանը, Նարեկ Զեյնալյանն ասաց, որ դրա որոշողը դատարանն է:
Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիկինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով օրերս ձերբակալվել է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում