Բաժիններ՝

Կադաստրի կոմիտեի և «Թվային գոտի և ճանապարհ» միջազգային նախաձեռնության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Չինաստանի Շենժեն քաղաքում դեկտեմբերի 17-ից 19-ը կայացած «Թվային գոտի և ճանապարհ» 4-րդ համաժողովի ընթացքում համագործակցության հուշագիր ստորագրեցին Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանը և «Թվային գոտի և ճանապարհ» նախաձեռնության նախագահ Հուադոնգ Գոուն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կադաստրի կոմիտեն:

Նախաձեռնությունը միջազգային կարևոր հարթակ է փորձի, գիտելիքների, տեխնոլոգիաների և տվյալների փոխանակման համար: Ավելի քան 50 երկրներ, միջազգային կազմակերպություններ և ծրագրեր միավորած այս նախաձեռնությունը միջազգային գիտական ծրագիր է, որ գործարկվել է 2016 թվականին և կիրառում է այնպիսի առաջադեմ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են տվյալներ հավաքագրող երկրի հեռահար զոնդավորման, մեծ տվյալների վերլուծության նպատակով տվյալների մշակման սարքավորումները:

«Թվային գոտի և ճանապարհ» նախաձեռնության նպատակն է խթանել միջազգային համագործակցությունը, զարգացնել Երկրի մակերեսի ուսումնասիրության, տվյալների, գործիքակազմի ստեղծման ծրագրերը, որոնք ուղղված են ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների համատեքստում բնապահպանական և հասարակական մարտահրավերների լուծմանը:

Կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանն իր ելույթում նշեց, որ Կադաստրի կոմիտեն ցանկանում է ընդլայնել փոխադարձ համագործակցությունը «Թվային գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակում, ինչպես նաև փոխանցեց Կոմիտեի պատրաստակամությունը` առանցքային դերակատարում ունենալ այս կարևոր նախաձեռնության իրականացման գործընթացում. «Կադաստրի կոմիտեն մեծ ակնկալիքներ ունի, որ այս ծրագիրը կհասնի իր առջև դրված նպատակներին և մեծ առաջընթաց կապահովի առաջատար փորձագետների միջև լայնածավալ քննարկումների, ակտիվ համագործակցության, գիտելիքների և փորձի փոխանակման համար»:

Առաջիկայում նախատեսվում են փոխադարձ այցեր, որոնց ընթացքում կհամաձայնեցվեն և կմշակվեն համատեղ նախագծեր թվային տարածական մեծ տվյալների (Digital Big Earth Data) արդյունավետ կառավարման ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս