Հայոց ցեղասպանության ճանաչումը Սենատում. արձագանքները և հետագա անհրաժեշտ քայլերը
Առաջին անգամ 1915 թ․ ցեղասպանությունից ի վեր, ԱՄՆ Սենատը 2019 թ․ դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև՝ տարբեր հանրապետական սենատորների կողմից երեք շաբաթ անընդմեջ Սպիտակ տան պահանջով այն արգելափակելուց հետո։ Այդ ժամանակից սկսած ես անթիվ հեռախոսազանգեր և էլեկտրոնային նամակներ եմ ստացել հայերից, որոնք հարցնում են, թե այս բանաձևն իր ուղեկից բանաձևի հետ միասին, որը մեծամասնությամբ ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին, արդյոք այժմ ներկայացվելու է նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը։
Նախկինում բազմիցս գրել եմ այս թեմայի շուրջ, սակայն կարիք կա կրկնելու, որ այս երկու բանաձևերը «առանձին» բանաձևեր են, ինչը նշանակում է, որ դրանք Սպիտակ տուն չեն ուղարկվում և նախագահից չի պահանջվում ստորագրել դրանք։ Սա այս երկու բանաձևերի վերջնակետն։ Եթե դրանք ներկայացվեին Կոնգրեսի երկու պալատներին որպես «Համատեղ բանաձև», ապա ստորագրության համար պետք է այնուհետև ներկայացվեին նախագահին:
Այնուամենայնիվ, անկախ բանաձևի տեսակից, եթե Թրամփը ցանկանա, նա կարող է օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրը 2020 թ․ ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում:
Չնայած 2019 թ․ հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը երրորդ անգամն էր, որ պալատն ընդունել է նման բանաձև, Սենատի բանաձևը 2019 թ․ դեկտեմբերի 12-ին պատմական է, քանի որ 1915 թ․ ի վեր առաջին անգամ ԱՄՆ Սենատը նման բանաձև է ընդունել՝ օգտագործելով Հայոց ցեղասպանություն եզրը: Բացի այդ, այս երկու «առանձին» բանաձևերը օրենքի ուժ չունեն, հետևաբար, որևէ իրավական հետևանք չունեն։ Դրանք պարզապես համարվում են «Կոնգրեսի կարծիքը»։
Այնուամենայնիվ, այս երկու բանաձևերի ընդունումը և միջազգային լրատվամիջոցների կողմից դրանց լուսաբանումը զայրացրել են Թուրքիայի կառավարությանը։ Որոշ թուրք պաշտոնյաներ հայտարարություններ տարածեցին՝ դատապարտելով ԱՄՆ Կոնգրեսին և սպառնալով ամերիկյան զորքերը դուրս վռնդել Թուրքիայի երկու ավիաբազաներից․․․ Թուրք պաշտոնյաները փորձեցին նաև նվազագույնի հասցնել այս բանաձևերի կարևորությունը՝ նշելով, որ դրանք «ընդհանրապես ոչ մի արժեք չունեն»։ Թուրքական կառավարությունն այնքան հեռու գնաց, որ ստիպեց իր խորհրդարանին բանաձև ընդունել՝ դատապարտելով ԱՄՆ Սենատին Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Թուրքիայի կառավարությունը նաև կանչեց Անկարայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդին՝ ասելով նրան, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը վնասելու է թուրք-ամերիկյան հարաբերությունները, միաժամանակ պնդելով, որ բանաձևը «ընդհանրապես որևէ արժեք չունի»: Այդ դեպքում ինչո՞ւ է թուրքական կառավարությունը տարիներ շարունակ միլիոնավոր դոլարներ ծախսում լոբբիստների վրա՝ փորձելով արգելափակել բանաձևի ընդունումը Կոնգրեսում։ Ինչպե՞ս կարող է «անարժեք» բանաձևը վնասել թուրք-ամերիկյան հարաբերությունները և ինչո՞ւ է Թուրքիան սպառնում ԱՄՆ-ին վռնդել թուրքական ավիաբազաներից։
Նույնքան վիրավորական են Ադրբեջանի պաշտոնյաների կողմից Սենատի բանաձևի վրա կատարված հարձակումները: «Բանաձևի ընդունումը…․ պատմական փաստերը կեղծելու փորձ է և դրա գործածումը որպես քաղաքական ճնշման միջոց», հայտարարեց Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան: Բանաձևը «ծառայում է միայն հայկական լոբբիի շրջանակների կեղտոտ նպատակներին», ավելացրեց նա: Հայաստանի պաշտոնյաները պետք է խիստ արձագանքեն՝ դատապարտելով Ադրբեջանի ժխտողական հայտարարությունը, որն Ադրբեջանին դարձնում է ցեղասպանության ոճրագործության հանցակից դեպքից հետո։ Որպես պատիժ, Հայաստանը պետք է հայտարարի, որ ժամանակավորապես սառեցնում է Արցախի վերաբերյալ բոլոր բանակցությունները Ադրբեջանի հետ։
Թեև սպասվում էր, որ Թուրքիայի կառավարությունը կխարազանի Հայոց ցեղասպանության բանաձևերը, մեզ վշտացնում է, որ Պոլսո նորընտիր հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը երկար հարցազրույց է տվել թուրքական «Սաբահ» թերթին՝ Սենատի բանաձևն անվանելով «ոչ այնքան բարոյական»: Թեև հասկանալի է, որ հայերը Թուրքիայում պատանդներ են՝ զրկված մարդու հիմնական իրավունքներից, այնուամենայնիվ, պատճառ չկար, որպեսզի Պատրիարքը, որը ընտրվել էր Սենատի բանաձևի ընդունումից ընդամենը մեկ օր առաջ, այդքան ջանք թափեր՝ թութակի պես կրկնելով Թուրքիայի կառավարության ժխտողական քարոզչությունը․․․Նա ոչ միայն դատապարտեց ԱՄՆ Սենատին, այլև ասաց այնպիսի վիրավորական բաներ, ինչպիսիք են՝ կոչ, որպեսզի պատմական հանձնաժողովն ուսումնասիրի, թե արդյոք տեղի է ունեցել ցեղասպանություն, կեղծ պնդում, որ որոշ հայեր ռուսական զորքերի կողմից են եղել օսմանյան ուժերի դեմ գրոհելիս, մեղադրանք հայերին և թուրքերին միմյանց կոտորելու մեջ, կոչ հայերին ու թուրքերին համատեղ լուծում գտնելու առանց «երրորդ կողմերի» միջամտության, և աջակցություն տխրահռչակ Հայ-թուրքական արձանագրությունների ընդունմանը երկու երկրների կողմից: Սրանք բոլորը Թուրքիայի կառավարության կողմից առաջ քաշված առարկություններն են: Պատրիարք Մաշալյանն իր հարցազրույցի վերջում հայտարարեց՝ «Ես քաղաքական գործիչ չեմ, այս [հարցում] առկա է քաղաքական ասպեկտ»։ Նա պետք է հրաժարվեր խոսել «Սաբահ»-ի հետ՝ պարզապես հայտարարելով, որ ինքը հոգևոր առաջնորդ է և չի ցանկանում ներքաշվել քաղաքական հարցերի մեջ:
Ինչ վերաբերում է Պատրիարքի այն առաջարկին, որ երրորդ երկրները չպետք է ներգրավվեն Հայոց ցեղասպանության հարցում, նա լիովին սխալ է: Եթե չլինեին Սփյուռքի լոբբիստական ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ապա աշխարհն արդեն վաղուց մոռացության էր մատնել այս հարցը․․․ Ժխտողականների և ստախոսների կողմից լինելու փոխարեն, պատրիարք Մաշալյանը պետք է անխոնջ աշխատանք տաներ հենց Թուրքիայի ներսում ճշմարտությունը հաստատելու համար: Դա ամենաքիչն է, որ կարելի է ակնկալել Աստծո մարդուց․․․ Վերջապես, չնայած որ Պատրիարքը թութակի պես կրկնում էր թուրքական ժխտողական դիրքորոշումները, մենք վստահ չենք, որ Թուրքիայի կառավարությունն իրականում ճնշում է գործադրել նրա վրա, որպեսզի հարցազրույց տա «Սաբահ»-ին։ Միգուցե նա ինքնակամ է դա արել, որպեսզի միավորներ վաստակի Թուրքիայի կառավարության կողմից՝ ակնկալելով, որ Անկարան շուտով կհաստատի իր ընտրությունը որպես Պատրիարք։ «Այս համայնքում ոչ ոք չի ցանկանա քվեարկել պետության կողմից հավանության չարժանացած որևէ պատրիարքի օգտին», ասել է Մաշալյանը «Սաբահ»-ին։ Նախատեսվում է, որ այս շաբաթ Պատրիարքը կհանդիպի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ․․․
Քանի որ Գարեգին Բ կաթողիկոսը և Արամ Առաջին կաթողիկոսը շտապեցին շնորհավորել Պոլսո նորընտիր Պատրիարքին, կուզենայի իմանալ, արդյոք «Սաբահ» թերթին Մաշալյանի տված վախկոտ հայտարարություններից հետո, երկու Կաթողիկոսները հետ չեն կանչի իրենց շնորհավորանքները և չեն դատապարտի Հայոց պատրիարքի ժխտողական հայտարարությունները․․․
Հայաստանի պետական պաշտոնյաները, ներառյալ նախագահը, վարչապետը և արտաքին գործերի նախարարը հանդես եկան հայտարարություններով՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ Կոնգրեսին և ամերիկահայերին՝ Ցեղասպանության բանաձևին աջակցելու համար: Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանաձևի ընդունումը կնվազեցնի Հայաստանի անվտանգության համար թուրքական սպառնալիքը, նա, ցավոք, ավելացրեց, որ աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը «առանց նախապայմանների»: Եթե Ցեղասպանության ճանաչումը պաշտպանում է Հայաստանի անվտանգությունը, ապա ինչու պետք է վարչապետն ասի, որ «Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար Թուրքիայի հետ հարաբերությունների օրակարգի հարց չէ»:
Հաջորդ քայլերի առումով, ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը դիմի Համաշխարհային դատարան (Արդարադատության միջազգային դատարան)`պահանջելով Թուրքիայից այն ամենը, ինչ հայ ժողովուրդը կորցրել է ցեղասպանության հետևանքով: Դրանք են․
1) Վճարել դրամական փոխհատուցում Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի համար.
2) Վերադարձնել զոհերի ժառանգներին բոլոր անձնական ունեցվածքները, ինչպիսիք են՝ տները, ագարակները, բանկային հաշիվները և բանկային պահարաններում գտնվող արժեքավոր իրերը.
3) Վերադարձնել եկեղեցիները, վանքերը, դպրոցներն ու գերեզմանատները Թուրքիայի հայ համայնքին․
4) Ազատագրել Արևմտյան Հայաստանը և միավորել Հայաստանի Հանրապետության հետ:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի