Ո՞ւմ ջրաղացին էր ջուր լցվում

Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից իրականացված և հրապարակված հետազոտությունը մի շարք հարցեր է առաջացնում։ Մասնավորապես, հետազոտության դաշտային աշխատանքները իրականացվել են գրեթե 23 օր, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ընդամենը 1200 ընտրանքով հետազոտությունն իրականացվել  այդքան երկար։ Ենթադրում ենք, որ պատճառը մերժումներն են, որոնք եղել են չափից ավելի շատ, ու որոնց մասին չի զեկուցվել։

Չնայած մեթոդաբանության մեջ նշված է, որ պատասխանների չափը կազմում է 66% (այսինքն՝ մերժումները կազմում են 34%), այնուամենայնիվ, հակված ենք մտածել, որ հեղինակները միտումնավոր ցույց են տալիս այնպիսի թիվ, որն ընդունելի է մասնագիտական տարրական գրականության մեջ, որպեսզի ինչ-որ կերպ արդարացնեն սեփական հետազոտության վավերականությունը։ Սակայն իրականում, եթե հետազոտությունը անցկացվել է քիչ թե շատ արհեստավարժ թիմով, ինչպիսին պետք է որ հանդիսանան կազմակերպիչները, դաշտային աշխատանքները, ուղղակի անթույլատրելի է, որ այդքան երկար տևեն, քանի որ այդպիսի երկար ժամանակահատվածում արդյունքները, ըստ էության, կարող են աղավաղել հասարակական բնականոն զարգացումները։ Այդ է պատճառը, որ խիստ հավանական ենք համարում հանգամանքը, որ մերժումները եղել են չափից ավելի շատ։

Ինչի՞ մասին է սա խոսում և ի՞նչ են փորձում թաքցնել կազմակերպիչները։ Եթե հարցումներին մասնակցելուց հրաժարվածների թիվն ավելին է, քան մասնակցածներինը, նշանակում է՝ այդ հարցումները ներկայացուցչական չեն ամբողջ բնակչության համար։ Ավելին, որպես կանոն, հարցումներից խուսափում են մասնակցել այն քաղաքացիները, որոնք ունեն ընդունվածից տարբերվող կարծիք։ Ցավոք, մեր երկրում վերջին ժամանակներում այնպիսի մթնոլորտ է հաստատվել, որ մարդիկ, եթե քննադատում են իշխանությանը, ընկնում են վարկաբեկման, խարազանման և հայհոյանք ստանալու վտանգի տակ՝ թե իրական կյանքում, թե սոցիալական կայքերում։ Այդ պատճառով նրանք, ովքեր դժգոհ են կառավարության գործունեությունից, կամ կարծում են, որ երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում, հակված են ավելի շատ մերժել հարցումներին մասնակցությունը և իրենց իրական կարծիքը արտահայտելը։ Իսկ սա նշանակում է, որ ստացված արդյունքները ուղղակիորեն շեղված են դեպի դրական և չեն արտահայտում ամբողջ հասարակության կարծիքը։ Ընդհանուր առմամբ, տպավորություն է, որ հեղինակները ամեն կերպ փորձել են ավելի դրական արդյունքներ ստանալ, քան իրականում է։

Դրա մասին են վկայում մի շարք գործոններ, ինչպես, օրինակ, հարցման ժամանակահատվածի ընտրությունն է, կամ բազմաթիվ հարցերի ուղղորդված ձևակերպումները։

Այսպես, մասնագետները գիտեն, որ սովորաբար մարդիկ առավել դրական տրամադրություններ են ունենում գարնան վերջին ամիսներին, ինչպես նաև հետարձակուրդային սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ ավելի հանգիստ են, դրական, սկսվում է նոր ուսումնական տարին, և այլն։ Այս առումով, հետազոտության ամիսների ընտրությունը որոշակի հարցեր է առաջացնում։ Նույնը կարելի է ասել նաև թեմաների ընտրության և հարցերի ձևակերպման մասին։ Այսպես, հենց հետազոտության բաց ձևակերպումով տրված հարցից, թե որոնք պետք է լինեն երկրի իշխանությունների առաջնահերթությունները, հարցվողների 44%-ից ավելին նշում են՝ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ, և ընդամենը 9%-ը՝ կոռուպցիայի և արդարության հետ կապված խնդիրներ։ Սակայն ամբողջ հետագա հարցումներում հեղինակները տալիս են ուղղորդված հարցեր, անցումային արդարադատության, կոռուպցիայի և արդարադատության համակարգի խնդիրների մասին՝ փաստորեն արհեստականորեն ուռճացնելով այդ հարցերի կարևորությունը և հասարակական ընկալումներում դրանց նշանակությունը։

Ավելին, բազմաթիվ հարցերում թե՛  հարցի ձևակերպումներում, և թե՛ տրված պատասխաններում նկատելի է ակնհայտ կողմնակալություն ու հարցվողների ուղղորդում։ Օրինակ, նախորդ կառավարությունները անվանում են «ռեժիմ», կամ հնչում է ուղղակի հարց՝ «Որո՞նք են 2018թ․ առաջ խախտումներին արձագանքելու ընդունելի ձևերը»։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ հարցումը չի դիտարկում առհասարակ խախտումները, այլ 2018թ․-ից առաջ խախտումների մասին է խոսում միայն։

Ավելի անհանգստացնող է այն հանգամանքը, որ հեղինակները, կարծես տուրք տալով կառավարության քարոզչությանը և հասարակության որոշ շերտերի կողմից վրեժխնդրության զգացմունքներին, հարցվողներին ուղղորդում են պատասխանել՝ բանտարկե՞լն է ավելի ընդունելի, թե՞, ասենք, ֆինանսական պատիժը կամ գույքի բռնագանձումը։

Ընդհանուր առմամբ, տպավորություն է, որ նույնիսկ այն պարագայում, որ հարցումը ցույց է տալիս իշխող ուժի վարկանիշի նվազում և էյֆորիկ զգացմունքների փոխարինում ապատիայով, այնուամենայնիվ հեղինակները ամեն կերպ փորձել են հարցումը գործիք դարձնել՝ ծառայելու իշխանությունների ընդհանուր քարոզչությանը և նրանց առաջնահերթությունները որպես հասարակական պահանջ ներկայացնելու վտանգավոր միտմանը։

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս