Ֆասթ ֆուդի հաճախակի օգտագործումը կարող է գլխացավի հանգեցնել. «Փաստինֆո»
21-րդ դարում քչերը կարող են պնդել, որ երբևէ գլխացավ չեն ունեցել։ Գլխացավը համարվում է ամենատարածված նշաններից մեկը, որի պատճառով հիվանդները դիմում են բժիշկներին։
Գլխացավ սիմպտոմը կարող է լինել շատ պարզ, պայմանավորված՝ սթրեսային իրավիճակներից մինչև նորագոյացություններ, հետևաբար պետք է ուշադիր, հետևողական լինել. «Կարևոր է հիվանդի հետ անամնեզի մանրակրկիտ քննարկումը։ Բավականին կարևոր գործոններ են՝ ինչքան ժամանակ է, որ պացիենտն ունի գլխացավ, ինչ ուժգնությամբ ունի, ինչից հետո սկսվեց, դրանք խրոնիկ բնույթ են կրում, թե ոչ, արդյոք նոր-նոր առաջացած գլխացավեր են։ Ինչ այլ նշաններ կան գլխացավերի ժամանակ, արդյոք դա ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, գլխապտույտով, սրտխառնոցով, փսխումով։ Կարևոր է նույնիսկ գլխացավի ժամը, այսինքն` երեկոյան են ավելի սաստկանում, թե ոչ։ Բոլոր գործոնների վրա պետք է առանձնակի ուշադրություն դարձնել և, իհարկե, նյարդաբանական ստատուսի հետազոտություն կատարել։ Դա ինֆորմատիվ հետազոտություն է, որը մեզ թույլ է տալիս հասկանալ գլխուղեղում օջախային փոփոխությունները, ընդհանուր փոփոխությունները կամ առհասարակ առողջ լինելը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Սիրմեդ» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Անահիտ Ոսկանյանը։
Անահիտ Ոսկանյանը պատասխանել է «Փաստինֆո»-ի մի քանի հարցերին.
– Քա՞նի ժամ քունն է բավարար, որպեսզի օրվա ընթացքում գլխացավ չառաջանա։
– Իհարկե հանգիստը նույնպես շատ կարևոր է։ Բնականաբար ամբողջ օրվա ընթացքում աշխատում ենք, ծախսում ենք մեր բոլոր ռեսուրսները, կոմպենսատոր մեխանիզմները։ Քանի դեռ օրգանիզմը երիտասարդ է, այս բոլոր մեխանիզմները և ռեսուրսներն ավելի շատ են և օրգանիզմը ավելի շատ կարող է դիմակայել անքուն վիճակներին, ինչու ոչ գիշերային աշխատանքին։ Սակայն պետք է նշենք, որ օրգանիզմն իրավունք ունի և պահանջում է նաև հանգիստ։ Օրվա ընթացքում օգտագործվող էներգիան, ռեսուրսներն անհրաժեշտ է վերականգնել գիշերվա ընթացքում։ Իհարկե, քնի հետ կապված ժամերն անհատական են։ Կան մարդիկ, որոնք նշում են՝ 3-4 ժամ քունը կարող է իրենց բավարարել ամբողջ օրվա ընթացքում։ Սակայն գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ միջին տարիքի մարդկանց համար՝ մոտ 25-45 տարիքի համար, ամենաքիչը 7-8 ժամ հանգիստը պարտադիր է, սակայն պետք է նշենք, որ 7-8 ժամ քնել դեռևս չի նշանակում արդյունավետ քուն։ Քնի տարբեր խանգարումներ կարող ենք ունենալ, այսինքն` ընթացքում արթնանալ, որոշակի անհանգիստ վիճակներ, երազներ։ Երբեմն, մարդիկ գանգատվում են, որ հանգիստ քնել են, բայց առավոտյան այնպիսի տպավորություն է, ասես, ամբողջ գիշեր ֆիզիկական աշխատանք են կատարել։
– Ֆասթ ֆուդի օգտագործումը կարո՞ղ է գլխացավի առաջացման պատճառ լինել։
– Մենք ունենք ինտոքսիկացիոն տեսակի գլխացավեր։ Հաճախակի ֆասթ ֆուդեր, մարսողության խանգարումներ, փորկապություններ։ Փորկապությունների պատճառով ինչու ոչ նաև ունենում են ներգանգային ճնշման բարձրացումներ և գլխացավեր։ Իհարկե դա մեկանգամյա ֆասթ ֆուդի օգտագործման հետևանքով չի առաջանում։ Այսինքն` միայն մեկ խնդրի առկայությունը չէ, որ կարող է գլխացավ առաջացնել։ Օրգանիզմում առկա ցանկացած հիվանդություն կարող է դրսևորվել բազմաթիվ նշաններով։
– Սուրճն օգնու՞մ է գլխացավին։
– Կարծում եմ՝ սուրճ սիրում են բոլորը։ Սուրճը ճնշման բալանսավորման և մի փոքր էներգիայի աղբյուր է, սակայն դա ևս հարաբերական է։ Իհարկե հնարավոր է՝ սուրճի օգտագործումը մի քիչ ակտիվացնի, կարող է գլխացավը պակասեցնի։