Անդրանիկ Քոչարյանի պատասխանը Ռուբեն Հայրապետյանին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ռուբեն Հայրապետյանի երեկվա հարցազրույցում հնչեցրած սկանդալային հայտարարությանը:
«Ռուբեն Հայրապետյան,
նախկին ընկերներն այլևս ընդհանուր ընկերներ չեն կարող ունենալ: Դուք ձեր շրջապատն ու ընկերներին ընտրել եք դեռևս 2008-ի մարտի 1-ից հետո և շարունակաբար հանդես եք եկել այդ շրջապատի շահերի սպասարկուի դերակատարմամբ: Այս դեպքը ևս բացառություն չէ. հերթական անգամ «սիրելի ընկերներին» հաճոյանալով` փորձում եք ձեզ անվերապահորեն ծառայություններ մատուցող լրատվականներով տարածել դատարկ կեղծիքներ:
Հավանաբար ձեր զառանցանքների պատճառն այն է, որ ոստիկանությունը ձեր բնակարան չափից դուրս «շնորհքով է ներխուժել»` չնայած դուք վաղուց ի վեր այդ մեծահոգությանը արժանի չեք, հակառակ դեպքում հիմա որևէ հնարավորություն չէիք ունենա դատարկաբանելու:
Դուք մշտապես ձեր անձնական շահի թելադրանքով ջանք չեք խնայել «ընկերություն» առաջարկելու տվյալ պահի իշխանություններին:
Ասեմ ավելին, նախաքննության ընթացքում դեռ առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը», որ ձեզ նման բան է «փոխանցել», դա էլ այն դեպքում, երբ չխախտելով գործի ընթացակարգը, ձեզ ինչ-որ բանում նախազգուշացնել կարող է միայն գործի վարույթը իրականացնող մարմինը:
Այնպես որ՝ հանգիստ նստեք ձեր տեղը և հնարավորության դեպքում վերընթերցեք ժամանակին ձեր և Սերժ Սարգսյանի փոխհարաբերությունների վերաբերյալ գրված հոդվածները, իսկ ես ձեզ վստահեցնում եմ` հետագայում դուք անսահմանափակ ժամանակ կունենաք արժեքավոր ընթերցանությամբ զբաղվելու:
Հարգանքով` ձեր բնորոշմամբ նախկին ընկեր` Անդրանիկ Քոչարյան»:
Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը երեկ 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է, որ իր նախկին ընկեր, այժմ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ իր ընկերներից մեկի միջոցով խնդրել է իրեն փոխանցել, որպեսզի վերջինս լքի երկիրը:
«Նույն Անդրանիկ Քոչարյանը, որ իմ նախկին ընկերն է եղել, մի 10 օր առաջ իմ ընկերների միջոցով խնդրել էր ինձ փոխանցել, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն: Դա անում են, որ ես գնամ, հետո շոու անեն, ասեն՝ ֆեդերացիան թալանել էր, փախավ: Ես այս երկիրն այնքան եմ սիրում, որ ոչ մի տեղ չունեմ գնալու: Ուզում են, թող ձերբակալեն»,- հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը:
Ռուբեն Հայրապետյան, նախկին ընկերներն այլևս ընդհանուր ընկերներ չեն կարող ունենալ: Դուք ձեր շրջապատն ու ընկերներին…
Gepostet von Andranik Kocharyan am Freitag, 13. Dezember 2019