«Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն». Ռուբեն Հայրապետյան

Երեկ վաղ առավոտից ՀՀ ոստիկանության հատուկջոկատայինները և 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություն էին իրականացնում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տանը: Երեկ երեկոյան հյուրընկալվելով Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարին, Ռուբեն Հայրապետյանն ասել է, որ իր տնից տարել են մի քանի փաստաթղթեր ու սեփականության վկայականներ: «Ես ասել եմ՝ հանգիստ կարող եք նայել ու ինչ ուզում եք, տարեք»,- ասել է նա:

Ռուբեն Հայրապետյանը երեկ մեզ տված հարցազրույցում սկանդալային հայտարարություն է արել. Նա ասել է, որ իր նախկին ընկեր, այժմ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ իր ընկերներից մեկի միջոցով խնդրել է իրեն փոխանցել, որպեսզի վերջինս լքի երկիրը: «Նույն Անդրանիկ Քոչարյանը, որ իմ նախկին ընկերն է եղել, մի 10 օր առաջ իմ ընկերների միջոցով խնդրել էր ինձ փոխանցել, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն: Դա անում են, որ ես գնամ, հետո շոու անեն, ասեն՝ ֆեդերացիան թալանել էր, փախավ: Ես այս երկիրն այնքան եմ սիրում, որ ոչ մի տեղ չունեմ գնալու: Ուզում են, թող ձերբակալեն»,- հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը:

Նա անդրադարձել է նաև գործող իշխանության հետ մտերիմ գործարար Խաչատուր Սուքիասյանի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ հնչեցրած հայտարարությանը, թե՝ «Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել, ամեն ինչ արել է իր, իր փեսայի, իր չգիտեմում համար… Սերժ Սարգսյանը նաև շատ վատ ընկեր է, որովհետև երբ երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը, կառուցվում էր, երբ ինքը Ղարաբաղից եկավ, բոլոր իր հին ընկերներին մոռացավ: Մինչև անգամ նրան էլ մոռացավ, ումից ընդունեց նախագահությունը»:

Արձագանքելով Խ. Սուքիասյանի այս հայտարարություններին՝ Ռ. Հայրապետյանն ասել է. «Ես ուզում եմ իմանալ՝ այս քաղաքում Խաչատուր Սուքիասյանի ընկերն ո՞վ է: Սերժ Սարգսյանին շատ բաների մեջ կարելի է մեղադրել, բայց հնարավոր չէ նրան մեղադրել վատ ընկեր լինելու մեջ: Ես հպարտանում եմ, որ նրա ընկերն եմ: Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանի հետ մի կտոր հաց կիսե՞լ է, որ նրա ընկեր լինելու մասին դատողություններ է անում: Կգա ժամանակը, կտեսնենք, թե այս երկրի համար ամենահայրենանվեր ղեկավարն ով է եղել, մարդիկ կիմանան՝ ինքը ոնց էր սիրում այս երկիրն ու ժողովրդին: Մի առիթով նա ինձ ասել է. «Ռուբեն, հիշիր, ես չեմ ընտրվել ինձ ընտրողների նախագահ, ես ընտրվել եմ ինձ չընտրողների նախագահ նաև»: Խաչատուր Սուքիասյանը շատ լավ գիտի, թե իր համար ինչ է արել Սերժ Սարգսյանը»:

Խ. Սուքիասյանը, պատասխանելով լրագրողներից մեկի՝ «Բջնի» գործարանի վերաբերյալ հարցին, ասել էր. «Այդ գործարանը խլվել է անօրինական: Ամբողջությամբ այդ գործարանը պետք է վերադարձվի իրավական ճանապարհով: Ես կարծում եմ՝ նրանք իրավական ճանապարհով չեն վերցրել, այլ՝ ամբողջը կեղծ փաստաթղթերով: Ամեն ինչը կեղծ է: Դրանով զբաղվում են փաստաբանները, որոնք որ ժամանակին մեզ տեղեկացրել են»:

Խոսելով «Բջնի» հանքային ջրերի գործարանը Խաչատուր Սուքիասյանից, իբր, խլելու և վերադարձնելու մասին՝ Ռուբեն Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասել է. «Խաչատուր Սուքիասյանը դատարկ-դատարկ խոսում է: Միշտ կարելի է ամեն ինչ խոսել: «Բջնին» մենք ձեռք ենք բերել 2010թ.: Ես չեմ կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի համար ճնշումներ են եղել Խաչատուր Սուքիասյանի վրա: Դա նույնն է, որ հիմա ինձ մոտ ստուգումներ են, ես ասեմ՝ Սերժ Սարգսյանի համար են ստուգում: Դա բնորոշ է Խաչատուր Սուքիասյանին: Նրանք դիմել են ՀՔԾ՝ իբր ես գույքահարկ ու շահութահարկ չեմ վճարել: Ուշադրություն դարձրեք իմ վճարած հարկերին: 12 տարում Խաչատուր Սուքիասյանը 912.700.0000 դրամի հարկ է վճարել, իսկ ես 9 տարում՝ 3.661.200.409 դրամի հարկ եմ վճարել: Այն ժամանակ առանց գազավորման ջուր՝ «Նոյ», արտադրում էր միայն «Բջնին», այսինքն՝ իրենք մենաշնորհային դիրք ունեին: …Պետությունը վաճառել է, ես գնել եմ: Եթե գտնում են, որ խլել եմ, թող իմ գումարը տան, ես վերադարձնեմ: Բայց եթե ես այդ գործարանն այլ մարդու 10 միլիոն պակաս գումարով կվաճառեմ, իրեն՝ մի միլիարդից ոչ պակաս»: Նա այդ մասին մի առիթով ասել է նաև Գագիկ Ծառուկյանին: Ռ. Հայրապետյանը պատմել է, թե ինչ անմխիթար և վատ վիճակում է գնել գործարանը, ինչ հսկայական ներդրումներ է արել, նաև հոսքագծեր փոխել և Խաչատուր Սուքիասյանին հորդորել.  «Խաչատուր Սուքիասյանն ավելի լավ է՝ թող իր միակ տղայի հարսանիքի սրահը զարդարելու գումարները վճարի»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս