Ինչն է անհանգստացնում Պապ թագավորից Հիսուս ու Հռոմի պապ դարձած Փաշինյանին. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Երեկ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը: «Եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում ա և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, որովհետև ՀՀ ժողովուրդն ինձ ձայն ա տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք, պտտվենք»,- ընդգծեց նա:
Իրականում Պապ թագավորից Հիսուս ու Հռոմի պապ դարձած Փաշինյանին անհանգստացնում է ոչ թե բոլոր ոլորտներում «հեղափոխության» պանծալի ավարտը, այլ որ պետական համակարգը սկսել է այլ տրամաբանությամբ աշխատել, ինչը Փաշինյանին բնավ հարմար չէ: Ինչպես «Իմ քայլը» խմբակցությունում, այնպես էլ կառավարման օղակներում այսօրվա վարչապետը յուրայիններ չունի, էլ չենք ասում, որ միջին օղակներում աշխատողները հիմնականում հին կադրեր են և նորերի հետ իրենց հարմարավետ չեն զգում:
Ավելին, նրանց «դիմադրությունը», ըստ կառավարության մեր աղբյուրի, մի քանի ձևով է արտահայտվում. նախ` ոմանք չեն էլ ցանկանում որևէ արդյունք ապահովել, քանի որ շատ ավելին են հասկանում ոլորտից, քան իրենց վերադասը, դրա համար կարողանում են գործի իմիտացիա ստեղծել: Մյուսները, որոնք նաև նախկին իշխանությունների հետ են աշխատել, օր առաջ ուզում են տապալված տեսնել այս իշխանությունը: Վերջին խումբն էլ նոր եկած կադրերն են, որոնք գործից գլուխ չեն հանում, բայց մեծ հավակնություններ ունեն, ցույց են տալիս, թե աշխատում են, բայց, ինչպես Փաշինյանն է ասում, ամեն վայրկյան սպասում են, թե տուն գնալու ժամը երբ է գալու: Այնպես որ, պետական համակարգում ոչ թե դիմադրություն կա, այլ ընդամենը անարդյունավետ կառավարում, իսկ ձուկը, ինչպես գիտենք, գլխից է հոտում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: