«Աղան ուզում է քեֆ անել՝ թող անի». Տիգրան Քոչարյանը՝ ամանորյա միջոցառումների մասին
«Փորձում են շեղել կարևոր թեմաներից կամ էֆեկտը թուլացնել». այսպես է արձագանքում մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ դեկտեմբերի 31-ին գալ Հանրապետության հրապարակ, բրդուճ, հոթ-դոգ, համբուրգեր ուտել, գինի խմել և շրջել երեխաների հետ:
«Այսպիսի ախմախ թեմաներով են լցնում դաշտը, քննարկում են առաջացնում, և իրականում կարևոր հարցերը, Հայաստանի առջև ծառացած խնդիրները փորձում են երկրորդ պլան մղել: Օրը մեջ մեկը կանգնում, մի «ախմախություն» է ասում, և մեդիադաշտը սկսում է դա քննարկել, ու չի քննարկում Արցախի այս վերջին բանակցությունների հարցը, «Արցախի ադրբեջանական համայնք» գաղափարը հայկական դաշտ ներմուծելը, աշխարհաքաղաքական տենդենցները, թե ի՞նչ է կատարվում, տնտեսական խնդիրները: Այսօր մի քիչ ավելացել են դաշտ գցած իր մեսիջները, դա կապված է նաև Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցի հետ, փորձում են հարցազրույցը և դրանում նշված բավականին հետաքրքիր գաղափարները «ջրել», մեղմացնել դաշտը: Փորձում են անընդհատ շեղել, հիմա դա հատուկ է արվում, թե այնպիսի իշխանություն ունենք, որից ավելի բարձր մակարդակի դիսկուրս չենք կարող սպասել»,- ասաց Տիգրան Քոչարյանը:
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում ելույթ է ունենալու Գորան Բրեգովիչը, որի խմբի համար նախատեսված հոնորարը 65.000 եվրո է կազմելու: Տիգրան Քոչարյանն ասում է՝ ճիշտ է, նա համաշխարհային երաժիշտ է, և հաճելի կլինի գնալ նրա համերգին, բայց դա բավարար չէ մարդկանց երկրում պահելու համար:
«Բրեգովիչի «խաթր» մարդիկ չեն մնա Հայաստանում, պետք է հասկանալ, թե ինչո՞ւ են մարդիկ գնում, օրինակ՝ Թիֆլիս, ի՞նչն է խնդիրը, միգուցե մարդիկ ուղղակի ուզում են այլ երկրում Նոր տարին դիմավորել, կամ Թիֆլիսն է իրենց դուր գալիս, գուցե քաղաքով հոսող Քուռ գետն են կարոտել: Այսինքն՝ այստեղ խնդիրն այն չէ, որ Հայաստանում չկար հնարավորություն, որ մարդիկ Նոր տարին նշեն, սննդի օբյեկտներ էլ կան, հյուրանոցներ էլ և ամեն ինչ: Իսկ գուցե հյուրանոցի գնե՞րն իջեցնեն, որ մարդիկ կարողանան Հայաստանում նշել Նոր տարին, ոչ թե գնան Թիֆլիս, կամ ավելի էժան տարբերակներ գտնեն: Երևի մարդը չի հասկանում տուրիզմի գաղափարախոսությունը: Փորձում է կարծիք արտահայտել մի ոլորտից, որից բացարձակ որևէ բան չի հասկանում»:
Տիգրան Քոչարյանը պնդում է՝ Ամանորի թեման արհեստականորեն ուռճացվում է, իսկ ինչ վերաբերում է դա համապետական տոն դարձնելուն, մեդիափորձագետը չի կարծում, որ մարդիկ մարզերից գալու են Երևան միջոցառումների համար:
«Ցավոք սրտի, կա ազգաբնակչության ստվար զանգված, գումարած՝ Կառավարության ֆեյքերի ֆաբրիկան, որոնք փորձում են մարդկանց գլուխը տանել, շեղել, աղբով լցնել, չի կարելի այդպես: Ինքը երևի այդպես է պատկերացնում, որ մարդիկ պետք է, օրինակ՝ Մեղրին թողնեն, գան Երևան, իրենց Նոր տարվա սեղանները թողնեն, բլինչիկ, տոլմա չփաթաթեն ու գան: Կամ ի՞նչ է նշանակում՝ գան Հանրապետության հրապարակ, գինի խմեն ու երեխաներին ման տան, ալկոհոլի գովա՞զդ է գնում»:
Այսօր էլ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել կանանց միահամուռ կերպով ազատվել «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից»: Տիգրան Քոչարյանն ասում է՝ այդ ամենը չանողները, առանց վարչապետի տիկնոջ ասելու էլ, չեն անում, անողներն ամեն դեպքում անելու են:
«Գուցե Աննա Հակոբյանը զուտ որպես կին՝ հոգնել էր տոլմա ու բլինչիկ փաթաթելուց, դրա համար է այդպիսի բան գրել»:
Երևանում Ամանորը նշելու համար այս տարի կծախսվի 406 մլն դրամ: Մեդիափորձագետը վստահեցնում է՝ նույն գումարը կարելի էր շատ ավելի տեղին ծախսել:
«Բայց եթե աղան ուզում է քեֆ անել՝ թող անի: Թող մտածեն «պողոսները», ում Փաշինյանն ուղղակի ձեռք է առնում: Հասկացող մարդը հասկանում է, բայց եթե «պողոսներին» դուր է գալիս, որ իրենց ձեռք են առնում, ուրեմն արդար է, հասնում է իրենց»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր լայվում նաև ասել էր, որ «Jingle Bells»-ին համարժեք երգ գրելու հանձնարարական է տվել: Մեդիափորձագետն այս թեմային անդրադառնալ հրաժարվեց, միայն հիշեցրեց, որ այդպիսի երգերը պատվերով չեն ծնվում: