Չեն հերքվում տեղեկությունները, որ կառավարությունը մտադրված է դադարեցնել «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» հեռուստանախագծի ֆինանսավորումը. 17 մլն դրամ` փոքրիկ մի ֆիլմի բյուջեից էլ քիչ. Սամվել Ֆարմանյան
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով տեղեկությանն առ այն, որ կառավարությունը մտադրված է դադարեցնել «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» հեռուստանախագծի ֆինանսավորումը: Նա մասնավորապես նշել է, որ պատրաստ է հնարավոր ամեն կերպ լինել նախագծի աջակիցների շարքում:
«Գաղտնիք չէ, որ Փաշինյանի կառավարությունից անտրամաբանական գրեթե ամեն ինչ սպասելի է: Բայց այս մեկն անգամ նման սպասումների սահմաններից է այն կողմ: Ցավոք, չեն հերքվում տեղեկությունները, որ կառավարությունը մտադրված է դադարեցնել «Ի՞նչ», «Ո՞րտեղ», «Ե՞րբ» սիրված հեռուստանախագծի ֆինանսավորումը: Այն կազմում է տարեկան 17 մլն. դրամ` փոքրիկ մի ֆիլմի բյուջեից էլ քիչ:
Ավելորդ է կարևորել կամ գնահատանքի խոսքեր ասել այս նախագծի մասին՝ ամեն ինչ պարզից էլ պարզ է: Կասկած չունեմ, որ ինտելեկտուալ այդ բացառիկ հեռուստանախագիծն ամեն դեպքում կշարունակի մնալ եթերում`լինի պետական աջակցությամբ, թե մասնավոր ընկերությունների հովանավորմամբ:
Ինքս պատրաստ եմ հնարավոր ամեն կերպ լինել նախագծի աջակիցների շարքում:
Հ.Գ. Քաղաքականության և ինտելեկտի վերջնական ապահարզանի, քաղաքական խուժանության ողբերգական տիրապետության մեր օրերում նման նախագծերը հույսի պատուհաններ են, և պիտի շարունակեն ամեն գնով մնալ եթերում`ցույց տալու ու հուշելու հասարակությանը, որ առաջընթացի բանալին գիտելիքն ու ինտելեկտն է, որ մարդուն ոչինչ այդպես չի գեղեցկացնում, որքան նրա ինտելեկտը»,- գրել է Ս. Ֆարմանյանը: