Բաժիններ՝

«Այս բիզնեսը փակուղի են տանում ու տեղ են բացում հատուկ գործարանային նշանակության տրեյլերների համար». Արեն Մելիքյան

Ազգային ժողովը դեկտեմբերի 5-ին առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած օրինագիծը, որը կարգավորում է շրջիկ առևտուրը:

Այսպիսով, շրջիկ առևտրի կետերը կարող են շահագործել միայն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը՝ Երևանի քաղաքապետի տրամադրած թույլտվության հիման վրա: Կարող են գործունեություն ծավալել մինչև ժամը 23:00-ն:

Հիշեցնենք՝ Ազգային Ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը դեկտեմբերի 3-ին ներկայացրել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծ, որով նախատեսվում է, որ այսուհետ շրջիկ առևտրի կետեր կարող են համարվել ապրանքների պահման և մանրածախ առևտրի, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով ապահովված միայն ավտոմոբիլները կամ դրանց կցորդները:

Ըստ նախագծի՝ շրջիկ առևտուր իրականացնողները պետք է պայմաններ ապահովեն վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան անվտանգությունը և որակը պահպանելու համար:

Երևան համայնքի վարչական տարածքում ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ցանկացած ապրանքի վաճառք իրականացնելը կամ որևէ ծառայություն մատուցելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարգելվի:

Կոռուպցիոն դրսևորումները բացառելու նպատակով կստեղծվի հատուկ էլեկտրոնային հարթակ, որի միջոցով յուրաքանչյուր տնտեսվարող հավասար հնարավորություն կունենա ընտրելու տվյալ օրը շրջիկ առևտրի կետը կայանելու վայրը։ Տեղական տուրքը կկազմի ամսական ընդամենը 50 հազար դրամ:

Թույլտվություն ստացած տնտեսվարողների գործունեությունը չխաթարելու համար քաղաքային իշխանությունները կկարողանան անհապաղ տարածքից քարշակով տարհանել ցանկացած այլ տրանսպորտային միջոց, որը կայանած կլինի շրջիկ առևտրի կետերի համար նախատեսված վայրերում։

Սիսակ Գաբրիելյանի փոխանցմամբ՝ հանդիպել են «Շարժական սրճարանների միության» ներկայացուցիչների հետ, վերջիններն առաջարկել են 3 կամ 6 ամսով մի տեղում կայանել, սակայն համաձայնության չեն եկել այդ հարցում:

«Շարժական սրճարանների միության» հիմնադիր Արեն Մելիքյանի կարծիքով՝ սխալ է քաղաքապետարանին նման կամայական որոշումներ կայացնելու լիազորություններ տալը:

«Դեռ երկրորդ ընթերցում պետք է լինի, ամեն բան անելու ենք, որ նախագիծն այս տեսքով չընդունվի: Ինչ վերաբերում է 50.000 դրամ տուրքերին, ապա դրանք նորմալ են միայն ամռան դեպքում: Պետք է սեզոնային տարբերակում մտցվի:

Իսկ այն, որ Կոռուպցիոն դրսևորումները բացառելու նպատակով հատուկ էլեկտրոնային հարթակ է ստեղծվելու, դա այդպես չէ, հատուկ են անում, որպեսզի թույլտվությունները մեկ օրով տրվեն, և ոչ ոք ի վիճակի չլինի մեկից ավելի անգամ տարհանել ու հետ բերել:

Դա կարգավորում չէ, ուղղակի այս բիզնեսը փակուղի են տանում ու տեղ են բացում հատուկ գործարանային նշանակության տրեյլերների համար: Իսկ նմանները քաղաքում կան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Շարժական սրճարանների միության» հիմնադիրը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս