Հայկ Մարությանն ավագանու ԲՀԿ անդամի նվիրած փողկապը կվերանվիրի շեյխերին ու շեյխուհիներին
Երևանի ավագանու դեկտեմբերի 6-ի արտահերթ նիստին, որի ժամանակ քննարկվում էր 2018 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» N 47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը, մասնավորապես առաջարկվում էր եկամուտների գումարը ավելացնել 271,797.1 հազար դրամով, ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն իր ելույթը սկսելուց առաջ փողկապ դրեց քաղաքապետի սեղանին՝ նշելով, որ այն նվիրում է Հայկ Մարությանին:
«Ինչո՞ւ եք նվիրում»,- հարցրեց քաղաքապետը:
«Որպեսզի դուք էլ մեզ նման փողկապ կապեք»,- պատասխանեց Արմեն Ներսիսյանը:
«Թույլ տվեք սա վերանվիրել շեյխերին և շեյխուհիներին»,- ի պատասխան՝ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
Ներսիսյանն էլ արձագանքեց, թե՝ նվերը նվեր չեն տալիս: «Ես ուղղակիորեն սրտանց նվիրեցի ձեզ, իսկ Դուք տարաք հարցը նորից ուրիշ տեղ: Չեմ հասկանում, թե ինչ եք անում, չգիտեմ, թե այս սրացումներն ինչի համար են»,- ասաց Ներսիսյանը:
Ապա ավագանու անդամը հավելեց. «Մեկ տարի երկու ամիս է՝ մանկապարտեզների հարցն եմ բարձրաձայնում: Երբ կարմիր գծերից եկել էր 900 մլն, և ինձ պատասխանում են, որ 75 մլն տուգանքներից է եկել, ուզում եմ ասել՝ 202 ծնող՝ 144 մանկապարտեզից, մեկ տարի է՝ ասում են, որ մանկապարտեզը փուլ է գալիս երեխաների վրա:Մանկապարտեզների գումարն ուրիշ խնդիրների համար են տվել, և ոչ մեկը չի վերանորոգվել: Այս շքեղություններն այդքան կարևո՞ր էին, կարծում եմ՝ երևանցիներին պետք չեն: Մանկապարտեզները վերանորոգեիք: Ձեր քարոզարշավի խոստումները չեք հասցնի կատարել, ու երեխաները կգնան դպրոց» :
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ հեղափոխությունից հետո իր հրավերով Հայաստան են եկել Աբու Դաբիի թագաժառանգն ու Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել, սակայն Երևանի քաղաքապետի ու Երևանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը հաջող չի անցել: Պատգամավորի խոսքերով՝ անձամբ էր խոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հանդիպման կազմակերպման համար։ Պատգամավորի հայտարարությանն արձագանքել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ասելով, որ պոտենցիալ ներդրողներն իրականում տարածք են խնդրել Երևանի կենտրոնում, ինչն անհնար է մայրաքաղաքի կենտրոնի գերբեռնվածության պայմաններում: Մարությանը նշել էր, որ պաշտոնական հանդիպմանը հյուրերը հեռախոսազանգերի են պատասխանել, հետաքրքրություն չեն դրսևորել:
Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը երբևէ չի այցելել Հայաստան։ Այս մասին, Տեղեկատվության ստուգման կենտրոնի հաղորդմամբ, ասել են Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատնից:
ԱՄԷ դեսպանատնից նշել են, որ 2019 թվականի ամռանը Հայաստան է ժամանել ԱՄԷ-ի նախագահի որդին` շեյխ Սուլթան բին Խալիֆա Ալ-Նահյանը, որը, սակայն, չի հանդիսանում Աբու Դաբիի թագաժառանգը։ Դեսպանությունից հայտնել են նաև, որ նախագահի որդին Հայաստան եկել է բիզնես այցով, և իրենք պաշտոնական որևէ հանդիպում չեն կազմակերպել։
Թագաժառանգի՝ Հայաստանում երբևէ չլինելու հանգամանքը հաստատել են նաև արտաքին գործերի նախարարությունից։