«Երբ հարցը լուծվի, մենք պետք է հարևանություն անենք Ադրբեջանի հետ, այդ ծիլերը հիմիկվանից դրվում են». Հովիկ Աղազարյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով 2020 թվականի բյուջեի նախագծին՝ նշեց, որ բյուջեի կատարման ընթացքը հասկանալու համար պարտավոր են նախ հասկանալ, թե տնտեսական առումով 2019 թվականին ինչ է կատարվել Հայաստանում:
«9 ամսվա կտրվածքով՝ տնտեսական աճը 7.5 տոկոս է. սա մեր, ԵԱՏՄ և հետխորհրդային տարածաշրջանում բացարձակ ցուցանիշ է, իհարկե, կլինեն նաև առաջիկայում եվրոպական տարածաշրջանի ցուցանիշները, և մենք կարձանագրենք։ Արդյունաբերությունն աճ է արձանագրել 8.8 տոկոսով, մշակող արդյունաբերությունը՝ 9.3, շինարարությունը՝ 4.5, ծառայությունները՝ 15.1, առևտրի շրջանառությունը՝ 8.9, արտահանման աճը՝ 7.2, աշխատավարձերի աճը՝ 5.9 տոկոսով։ Այս ամենի ֆոնին ուզում եմ արձանագրել, որ ՀՀ-ն համաշխարհային մակարդակով ունի ամենացածր գնաճներից մեկը։ Պարենի համաշխարհային կազմակերպությունն արձանագրել է աշխարհում սննդամթերքի շուրջ 0.6 տոկոսանոց աճ, իսկ ՀՀ-ում՝ 0.1 տոկոս»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ գնաճը ՀՀ-ն կարողանում է զսպել, պահել ցածր մակարդակի վրա մենաշնորհների հաղթահարման հաշվին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն անդրադառնալով վարչապետի մատնանշած ցուցանիշներին և հարցին՝ արդյո՞ք 7,5 տոկոս տնտեսական աճը բավարար է համարում, պատասխանեց՝ բավարար է, քանի որ ցանկացած երկրում հեղափոխությունից հետո տնտեսությունը գահավիժում է, իսկ Հայաստանում տնտեսությունը ոչ միայն չգահավիժեց, այլև ապահովեց 4,9 տոկոս տնտեսական աճ:
Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին, Հովիկ Աղազարյանը նշեց, որ պետք է սպասել, որպեսզի քննությունն ընթանա, և այն մեղադրանքները, որոնք ներկայացված են՝ հաստատվեն, ներկայացվեն դատարան, որի որոշումից հետո էլ կտա իր գնահատականը:
Ինչ վերաբերում է ընդդիմադիրների պնդումներին, որ Սերժ Սարգսյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման, Հովիկ Աղազարյանը շեշտեց, որ կզարմանար, եթե ընդդիմադիրներն այլ բան ասեին:
«Մի քանի ամիս առաջ Աշոտյանը, Շարմազանովն ասում էին, որ այս ամենը նախապատրաստում են, որպեսզի շուտով Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրեն: Սա իրենց խնդիրն ու մոտեցումներն է: Բայց փաստերը դաժան բան են, եթե հետապնդում լիներ, ապա մեր համակիրները մեզ հանդիպելիս շատ էին մեղադրում, թե ինչու ենք դանդաղում, մենք էլ պատասխանում էինք, որ ամեն ինչ պետք է արվի օրենքի շրջանակներում: Հիմա իրավական կարգով հարցն ընթացքի մեջ է: Որպես քաղաքական գործիչ, կարծում եմ՝ Սերժ Սարգսյանին նաև այլ բաների համար կարելի է մեղադրել, օրինակ՝ ընտրությունների կեղծում»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևային Արցախ ժամանելու և https://168.am/2019/12/04/1216524.html մուղամ լսելու հրավերին, Հովիկ Աղազարյանը նշեց, որ այդ հրավերին շատ լավ է վերաբերվում:
«Վաղը-մյուս օրը, երբ այս ամենը վերջանա, և ադրբեջանական ժողովրդի հետ գանք Արցախի հարցի մեկ ընդհանուր լուծման, որն ընդունելի կլինի բոլորիս համար, մենք պետք է հարևանություն անենք, այդ ծիլերը հիմիկվանից դրվում են, վատ բան չկա, թող հանդիպեն, թող զրուցեն: Գուցե մենք ինչ-որ բան չենք հասկանում, գուցե իրենք լավ տեղեկացված չեն, այս շփումները, օգուտից բացի, վնաս չեն տա»,- ասաց Հ. Աղազարյանը:
168.am-ի հարցին, այսինքն՝ իրատեսակա՞ն եք համարում, որ Ադրբեջանը Հայաստանի ու հայերի հետ կարող է կողք կողքի խաղաղ ապրել, պատգամավորը նախ ֆիլմից հատված հիշեց, ապա պատասխանեց.
«Եթե մենք հնարավորություն ունենք Ադրբեջանի հարցերն էլ լուծել և մյուս հարցերն էլ լուծենք, մենք այդ հնարավորությունները ոչ թե ֆիզիկապես չունենք, այլ աշխարհում չենք ապրում մեկուսացված, կա աշխարհ, միջազգային հանրություն, աշխարհաքաղաքական շահ, այդ ամեն ինչում մենք պետք է դրսևորվենք և մեր շահը պետք է պաշտպանենք: Հիմա Թուրքիան կա՞, թե՞ չկա, կա, Ադրբեջանն էլ նույն ձևի պետություն է, հիմա թե 100 տարի առաջ է ստեղծվել, թե քսան՝ այլ հարց է, բայց այդ պետությունը կա, և մենք այդ հանգամանքի հետ պետք է հաշվի նստենք»:
Մանրամասները՝ 168 տեսանյութում