«9 ամսում ունենք 7.5 % տնտեսական աճ. սա տարածաշրջանում բացարձակ աճի ցուցանիշ է». Նիկոլ Փաշինյան
2020 թվականի բյուջեի կատարման ընթացքը հասկանալու համար մենք պարտավոր ենք նախ հասկանալ, թե տնտեսական առումով 2019 թվականին ի՞նչ է կատարվել Հայաստանում։
Այս մասին այսօր Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«9 ամսվա կտրվածքով՝ տնտեսական աճը 7.5 տոկոս է. սա մեր, ԵԱՏՄ և հետխորհրդային տարածաշրջանում բացարձակ ցուցանիշ է, իհարկե, կլինեն նաև առաջիկայում եվրոպական տարածաշրջանի ցուցանիշները, և մենք կարձանագրենք։ Արդյունաբերությունն աճ է արձանագրել 8.8 տոկոսով, մշակող արդյունաբերությունը՝ 9.3, շինարարությունը՝ 4.5, ծառայությունները՝ 15.1, առևտրի շրջանառությունը՝ 8.9, արտահանման աճը՝ 7.2, աշխատավարձերի աճը՝ 5.9 տոկոսով։ Այս ամենի ֆոնին ուզում եմ արձանագրել, որ ՀՀ-ն համաշխարհային մակարդակով ունի ամենացածր գնաճներից մեկը։ Պարենի համաշխարհային կազմակերպությունը արձանագրել է աշխարհում սննդամթերքի շուրջ 0.6 տոկոսանոց աճ, իսկ ՀՀ-ում՝ 0.1 տոկոս»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ գնաճը ՀՀ-ն կարողանում է զսպել, պահել ցածր մակարդակի վրա մենաշնորհների հաղթահարման հաշվին։
Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ Հայաստանը աշխարհի եթե ոչ՝ միակ, ապա՝ այն քիչ երկրներից է, որտեղ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատությամբ՝ այս տարվա սեպտեմբերին գնանկում է արձանագրվել։
«Ես չգիտեմ՝ աշխարհում դուք երկրորդ երկիրը կարո՞ղ եք գտնել, թե՞ ոչ»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ սրանք ոչ թե լավ, այլ շատ լավ ցուցանիշներ են, որոնք փորձ են արվում կասկածի տակ դրվել ընդդիմախոսների կողմից։
Փաշինյանը նաև նկատեց, որ ընդդիմախոսներն իրենց կառավարության քննադատության համար շատ հաճախ հղում են անում վիճակագրության մի տողի՝ մոռանալով մյուս տողը, իսկ դա գալիս է նրանից, որ մենք վիճակագրության հետ մշտապես խնդիր ենք ունեցել։
Մանրամասները՝ տեսանյութում։