«Մեկ Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
«Մեկ Հայաստան» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում երեկ Բրատիսլավայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հրապարակված վերջնագիր-հայտարարության կապակցությամբ:
Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ շրջանակներում հրապարակված վերջնագիր-հայտարարության կապակցությամբ ՀՀ իշխանությունների արձագանքը կամ դրա բացակայությունը համարում ենք ոչ համարժեք և որակում որպես հանցավոր անգործություն:
«Մեկ Հայաստան» կուսակցությունը բազմիցս հայտարարել է Հայաստանի նոր իշխանությունների Արցախյան հիմնախնդրի հետ կապված հստակ և աներկբա դիրքորոշման և տեսլականի բացակայության վտանգավորության մասին:
Գտնում ենք, որ նշված փաստաթղթի ի հայտ գալու պատճառներն ու հիմքերը մեծապես նաև պայմանավորված են ՀՀ իշխանությունների Արցախյան հակամարտության անթույլատրելի և անհասկանալի բանակցային դիրքավորմամբ:
Ստեղծված իրավիճակում կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի առնչությամբ:
Ի պատասխան Ադրբեջանի ամբարտավան և ցինիկ վարքագծին, ՀՀ իշխանություններից պահանջում ենք.
Անհապաղ
1. Քաղաքական խորհրդակցություններ սկսել Հայաստանի և Արցախի խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ` ստեղծված իրավիճակում ազգային համաձայնության օրակարգ ձևավորելու և միասնաբար դրա կենսագործմանը հետամուտ լինելու նպատակով:
2. ՀՀ Ազգային ժողով ներկայացնել «Արցախի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ,
3. ՀՀ արտաքին գործերի նախարարություն հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների Հայաստանում հավատարմագրված դեսպաններին` նրանց ներկայացնելով Արցախի Հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարության քաղաքական որոշման հիմքերն ու պատճառները:
Նշված գործողությունները կատարելու պարագայում «Մեկ Հայաստան» կուսակցությունը հայտնում է իր պատրաստակամությունը մի կողմ դնել քաղաքական բոլոր տարաձայնությունները և իր ուժերի ներածին չափով օժանդակել և զորավիգ լինել ՀՀ գործող իշխանություններին:
Արցախի անվտանգությունն ու հակամարտության հայանպաստ լուծումը համարում ենք մեկ և միասնական Հայաստանի օրակարգ, որի շուրջ ակնկալում ենք համահայկական և համընդհանուր մոտեցում և կոնսոլիդացիա:
«Մեկ Հայաստան» կուսակցություն