Կասեցվեցին Արամի 23 հասցեին կից շինության ապօրինի քանդման աշխատանքները. ՈՒՂԻՂ
Այսօր 168.am-ի խմբագրությունն ահազանգ էր ստացել, որ ապօրինի քանդում են Արամի 23 հասցեում գտնվող հուշարձանին կից շինությունը։ Տեղում պարզեցինք, որ շինարարներն արդեն հեռացել են, քանի որ, ինչպես ասաց «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքի պահակը, բանվորները քանդման թույլտվություն չեն ունեցել, իրենց բարձրացրած աղմուկից հետո էլ հեռացել են։
«Այստեղ սկսել էին քանդման աշխատանքներ, առանց հաշվի առնելու նաև անվտանգության կանոնները, զանգահարեցի քաղաքապետարան, դիմեցինք նաև Մշակույթի նախարարություն, քանի որ քանդումն ապօրինի էր, և դրա թույլտվության վերաբերյալ մեզ թուղթ չտվեցին, ավելին՝ պնդում էին, որ թույլտվություն ունեն, և այն քաղաքապետարանն է տվել»,- ասաց «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքի պահակը։
Այնտեղ էր նաև Պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը, որը մեզ փոխանցեց, որ ահազանգով է եկել նշված հասցե և ծանոթացել իրավիճակին։
«Այս պահին կարող եմ միայն ասել, որ քանդման աշխատանքները կասեցվել են»,- շեշտեց նա։
Իսկ «Ամուր» շինարարական ընկերության աշխղեկն էլ մեզ վստահեցրեց, որ քանդման աշխատանքներ չեն արել, այլ ուսումնասիրել են, թե ինչպես պետք է ամրակայեն Արամի 23 հասցեում գտնվող հուշարձանը։
Մանրամասները՝ տեսանյութում