«Զոհերն անգամ մեկ սանտիմետր չեն մոտեցնում հակամարտության կարգավորմանը». Աննա Հակոբյան

«Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ» վերտառությամբ համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը և իր նախաձեռնած խաղաղության արշավին՝ հերթական անգամ հորդորեց՝ ղարաբաղյան հակամարտությունը պիտի լուծվի խաղաղ ճանապարհով և բանակցային սեղանի շուրջ:

Ըստ Հակոբյանի՝ ամեն պահի կարող են սկսվել ռազմական գործողություններ, ուստի իր ուղերձով միջնորդներին և հակամարտության կողմերին կոչ է անում թույլ չտալ ռազմական գործողությունների կրկնություն:

«Ունենք բանակցային գործընթաց, որը տարբեր փուլերով, տարբեր անուններով ընթացել է, բայց սայլը տեղից չի շարժվել, և մենք նույն կետի վրա ենք գտնվում, ինչ զինադադարի կնքման պահին: Այս 25 տարվա ընթացքում մենք ունենք սողացող պատերազմ: 25 տարի՝ ամեն ամիս, ամեն շաբաթ զոհեր ենք ունենում երկու կողմից: Այդ զոհերը մեզ չեն մոտեցնում հակամարտության կարգավորմանն անգամ մեկ սանտիմետր: Հերիք չէ՝ սողացող պատերազմի ընթացքում զոհեր ենք ունենում, հակամարտության կողմերից մեկի մտքով անցավ 2016-ին լայնամասշտաբ պատերազմ սկսել և փորձել մի քանի օրվա ընթացքում լուծել հարցն ու հասնել իրենց երազանքների կատարմանը: 22 տարի այդ կողմը պատրաստվում էր, զինվում էր, գնում էր ամենանորարար և թանկարժեք զենքերը, զեկույցներ կան բազմաթիվ, որ սպառազինությունների  այդ մրցավազքը լավ տեղ չի հասցնի: Այսինքն՝ 22 տարի պատրաստվելուց հետո փորձ անել պատերազմի միջոցով լուծել կոնֆլիկտը և ունենալ այն, ինչ ունեն, իսկ եղավ 1000 զոհ Ադրբեջանի կողմից, 100 զոհ ունեցանք մեր կողմից: Եվ նորից հակամարտությունը հայտնվում է այն  կետի վրա, ինչ կետի վրա եղել է զինադադարի կնքումից անմիջապես հետո»,-  ընդգծեց Աննա Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս