«Աննա Հակոբյանի հրավերին պետք է անդրադառնան հայ մայրերը». Վիտալի Բալասանյանը հրաժարվեց արձագանքել Մեհրիբան Ալիևային ուղղված հրավերին

Արցախի հերոս, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով հայտարարել է Արցախի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին, հրաժարվեց արձագանքել ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի՝ Ադրբեջանի առաջին տիկին, Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային հղած հրավերին:

Հիշեցնենք, որ այսօր «Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով համաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, անդրադառնալով Ղարաբաղում մուղամ լսելու Մեհրիբան Ալիևայի երազանքին, Մեհրիբան Ալիևային հրավիրեց Ղարաբաղ խաղաղ պայմաններում մուղամ լսելու:

Նա մասնավորապես ասաց. «Ես հիմա Մեհրիբան Ալիևային ուզում եմ հրավիրել Ղարաբաղ, և նա կարող է լինել մեր հյուրը: Հայ ժողովուրդը, արցախցիները գիտեն ինչպես ընդունել, հարգել հյուրին: Մեր ընդունված կանոններից է նաև հյուրին պատվել իր երաժշտությամբ, մենք կարող ենք ապահովել մուղամը: Կարող ենք իրականացնել նրա երազանքը, և նա լինի մեր հյուրը, Ստեփանակերտում լսի իր սիրելի մուղամը: Սա իսկապես հրավեր է, և եթե նա ընդունի այս հրավերը, պատրաստ եմ նաև ինքս լինել Բաքվում և հյուրընկալվել իրենց կողմից: Բայց եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն այն է, որ գան Ղարաբաղ և մուղամ լսեն պատերազմի միջոցով, վստահեցնում եմ՝ այդ երազանքն անկատար կմնա: Եվ ոչ միայն անկատար կմնա, այլ եթե նոր պատերազմ սկսեն, հավանաբար նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք:

Այսինքն՝ եթե Մեհրիբան Ալիևան իր և իր ժողովրդի անունից ասում է, որ երազում են Ղարաբաղում մուղամ լսել, ապա դրան հասնելու մեկ ճանապարհ գոյություն ունի՝ դա խաղաղությունն է, Արցախի հետ բարիդրացիական հարաբերություններն են: Այսինքն՝ որպես հյուր՝ փոխադարձ այցերն են, որ ինչպես իրենք Ղարաբաղում թեյ խմեն և մուղամ լսեն, վայելեն այնտեղի բնությունը, այնպես էլ, վստահ եմ՝ Ղարաբաղի ժողովուրդը կուզենա լինել Բաքվում: Սա ռեալ է, ֆանտազիայի շարքից չէ: Ուզում եմ ասել, որ իմ հրավերը լուրջ հրավեր է»:

Վիտալի Բալասանյանը, ծանոթանալով հրավերի ողջ տեքստին և կոնտեքստին, ասաց, որ հրաժարվում է արձագանքել Աննա Հակոբյանի հայտարարությանը: Ըստ նրա, այս հրավերին պետք է անդրադառնան և գնահատական տան հայ մայրերը: «Ճիշտ չէ, որ ես այս մասին խոսեմ, թող մայրերը խոսեն»,- ասաց նա:

Ավելի վաղ Ադրբեջանի առաջին փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան իր Telegram պաշտոնական ալիքում լուսանկար էր հրապարակել՝ գրառմամբ. «Մեր միակ երազանքը Ղարաբաղի հողում միասին ղարաբաղյան շիկեստե (մուղամ) լսելն է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031