Երբ Նիկոլ Փաշինյանը գնաճին նայում է ոչ թե պատգամավորի, այլ վարչապետի աչքերով

Մինչ կառավարության անդամներն ու Ազգային ժողովի պատգամավորները վայելում են հեղափոխության արդյունքները, այդ թվում` բարձր պարգևավճարների տեսքով, հանրության հիմնական մասը շարունակում է կերակրվել դատարկ խոստումներով ու ոչինչ չտվող ձեռքբերումների վերաբերյալ հայտարարություններով։ Ահա և դրանցից մեկը։

Ազգային ժողովի պարգևավճարների շուրջ բարձրացած աղմուկի ֆոնին, անցած շաբաթվա վերջին վարչապետը շտապեց հայտնել, որ Հայաստանը հերթական աննախադեպ հաջողությանն է հասել` այս անգամ գնաճի ոլորտում։

«Միացյալ Ազգերի Կազմակերպության սննդամթերքի համաշխարհային կազմակերպության (FAO) ամենամսյա զեկույցի համաձայն՝ 2019 թվականի հոկտեմբերին անցած տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի համաշխարհային գներն աճել են 6 տոկոսով: Իսկ Հայաստանում 2019-ի հոկտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքը թանկացել է 0,1 տոկոսով:

Սա՝ հիմնականում, եթե ոչ՝ բացառապես, երկրում տնտեսական մրցակցության խորացման հետևանք է: Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչ էր տեղի ունենում նախկինում. համաշխարհային շուկայում սննդամթերքը թանկանում էր, ասենք` 2 տոկոսով, Հայաստանում թանկանում էր մի 4-5 տոկոս։

Ի դեպ, այս տարվա սեպտեմբերին անցած տարվա դեկտեմբերի համեմատ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի դիտարկած բոլոր երկրներից միայն Հայաստանում է գնանկում արձանագրվել:

Այսինքն` այս տարվա սեպտեմբերին 2018 թվականի դեկտեմբերի համեմատ նշված բոլոր երկրներում արձանագրվել է գնաճ, և միայն Հայաստանում գները նվազել են 2,1 տոկոսով»,-իր ֆեյսբուքյան էջում գրեց վարչապետը։

Հայաստանում գնաճ կա՞, թե՞ չկա, սպառողները շատ լավ գիտեն։ Ու դրա համար պարտադիր չէ հետևել, թե ինչ է ասում պաշտոնական վիճակագրությունը։

Ի դեպ, ժամանակին գնաճի մասին այդպես էր մտածում նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Բայց հիմա արդեն նրա մոտեցումները փոխվել են։

Հիմա արդեն վարչապետի համար գնաճն այն է, ինչ ասում է պաշտոնական վիճակագրությունը։ Իսկ պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ 2019թ. հոկտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սննդամթերքը թանկացել է 0,1 տոկոսով:

Այլ հարց է, թե դա ինչպե՞ս է արտահայտվել։ Այդ հարցին Նիկոլ Փաշինյանը հիմա արդեն հակված չէ անդրադառնալ։ Բայց որպեսզի պարզ լինի, թե սննդամթերքի շուկայում պաշտոնապես արձանագրված 0,1 տոկոսանոց գնաճն ինչպե՞ս է արտահայտվել առանձին ապրանքների գների վրա, մի փոքր բացենք փակագծերը։

Վարչապետի ասած 0,1 տոկոսանոց գնաճի պայմաններում ալյուրը Հայաստանում թանկացել է 4,5 տոկոսով։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հացի գները վերջին մեկ տարում բարձրացել են 3,7 տոկոսով։ Այդ ընթացքում մակարոնեղենը թանկացել է՝ 7,6, հացաբուլկեղենը և ձավարեղենը` 3,5 տոկոսով։ Բրնձի գինն ավելացել է 3 տոկոսով։ Հոկտեմբերին` նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, Հայաստանում մրգերի գնաճը կազմել է՝ 8,3, բանջարեղենինը` 9,3 տոկոս։

Սրանք այն սննդամթերքներն են, որոնք սպառողները, հատկապես՝ հասարակության սոցիալապես անապահով հատվածը, առավել հաճախ է օգտագործում։ Ու նրանց համար քիչ էական է, որ, ասենք` միսը մի քանի տոկսով էժանացել է։ Մսի գներն այնքան բարձր են, որ 100 կամ 200 դրամի տարբերությունը շատ բան չի փոխում։ Այսպես թե այնպես, հասարակության մի մեծ հատված ի վիճակ չէ այսօր օգտվելու դրանից։ Բացի դա էլ, Ամանորին ընդառաջ՝ մսի գներն արդեն իսկ սկսել են բարձրանալ։

Անշուշտ, էլի կան սննդամթերքներ, որոնք անցած մեկ տարում էժանացել են։ Ասենք` ծովամթերքի առանձին տեսակները, կարագը, թեյը, սուրճը, և այլն։

Ու այդ բոլորի արդյունքում միջին գնաճը սննդամթերքի շուկայում կազմել է 0,1 տոկոս։ Բայց ոչ մեկը չի ասում, թե ինչպիսի՞ն է եղել դրա իրական ազդեցությունը մարդկանց գրպանի վրա։

Իսկ այն, որ «այս տարվա սեպտեմբերին անցած տարվա դեկտեմբերի համեմատ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի դիտարկած բոլոր երկրներից միայն Հայաստանում է գնանկում արձանագրվել», ինչպես ասում է վարչապետը, ապա դա ոչ թե լավ է, այլ մի բան էլ վատ է։ Գնաճն ինքնանպատակ չէ և ունի ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական կարևոր նշանակություն։

Հայաստանը ոչ թե ցածր գնաճի կամ գննակման, այլ հասարակության եկամուտների ավելացման խնդիր ունի։ Եթե եկամուտների աճն այնպիսին լինի, որ գերազանցի գնաճը, ապա գնաճը որևէ խնդիր չի ստեղծում։

Խոսքը ոչ թե ձևական, այլ իրական գնաճի մասին է։ Այլ բան է պաշտոնական գնաճը, այլ բան է, երբ սպառողները դա զգում են իրենց գրպանի պարունակության վրա։

Այստեղ է հիմնական խնդիրը։ Եվ ոչ մի նշանակություն չունի, որ Հայաստանում գնաճ չկա կամ գնանկում է արձանագրվել։ Արտաքուստ գրեթե միշտ էլ գնաճն ավելի ցածր է լինում, քան մարդկանց եկամուտների աճը։ Բայց դա այդպես էլ չի հանգեցնում հասարակության սոցիալական վիճակի լավացմանը։ Մի բան էլ հակառակն է լինում։

Այնպես որ, կառավարությունը ոչ թե ցածր գնաճով հպարտանալու, այլ հասարակության եկամուտներն արագացված տեմպով ավելացնելու խնդիր ունի։ Այն, ինչ կա այսօր, հեռու է այդպիսին լինելուց։

Ինչ մնում է գնաճին, ապա այն ոչ միայն պետք է, այլև պարտադիր է։ Առանց դրա դժվար է պատկերացնել տնտեսության զարգացումը։ Իհարկե, խոսքը ոչ թե արհեստական, այլ բնականոն գնաճի մասին է։ Արհեստական գնաճը շատ վատ է ոչ միայն՝ սպառողների, այլև՝ տնտեսության համար։ Բայց դա չի նշանակում, որ հիմա Հայաստանում այլևս արհեստական գնաճ չկա։ Քանի դեռ կան գերիշխող դիրք զբաղեցնողներ, արհեստական գնաճ միշտ էլ լինելու է։

Եվ այնպես չէ, որ այս տարի արձանագրված ցածր գնաճը «բացառապես» տնտեսական մրցակցության խորացման հետևանք է, ինչպես փորձում է ներկայացնել վարչապետը։ Տնտեսական մրցակցության պայմանները Հայաստանում գուցե որոշ չափով լավացել են, բայց դրանից իրական մրցակցությունն ամենևին էլ չի շահել։ Այսօր էլ բազմաթիվ շուկաներում նույն իրավիճակն է, ինչպես նախկինում էր։ Շուկայի մասնակիցների արհեստական ավելացումը դեռ մրցակցության խորացման նշան չէ։

Պետք է հիշել նաև, որ մրցակցությունից զատ, կան էլի գործոններ, որոնք ազդում են գնաճի վրա։ Ու դրանցից մեկն էլ հասարակության վճարունակությունն է։ Երբ մարդկանց վճարունակությունն ընկնում է, ընկնում է նաև գնաճը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս