«Հերցեպտին 600-ն անվճար կտրամադրվի հիվանդներին հաջորդ տարվա ընթացքում». Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ
Չարորակ ուռուցք ունեցող հիվանդներին անհրաժեշտ հերցեպտին 600-ը նախատեսվում է անվճար տրամադրել 2020 թվականի ընթացքում։ Մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնում է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Այս դեղորայքը, որն արժե ավելի քան 600 հազար դրամ, անհրաժեշտ է լինում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց 20-25 տոկոսին: Մեր ընթերցողները հետաքրքվում են նաև, թե ո՞ր բժշկական կենտրոններում են տվյալ վիրահատությունը կատարում անվճար: Ստորև ներկայացնում ենք պետական պատվերի շրջանակներում ուռուցքաբանական ծառայություններ մատուցող 15 բժշկական հաստատությունների ցանկը.
«Պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն ՓԲԸ, Մեդլայն կլինիկ ՍՊԸ, Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոն ՓԲԸ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ՓԲԸ, Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, Նաթալի ֆարմ ՍՊԸ Աստղիկ բժշկական կենտրոն, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան Հիմնադրամ, Վ. Ավագյանի անվան բժշկական կենտրոն ՍՊԸ, Շենգավիթ բժշկական կենտրոն ՓԲԸ, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն ՓԲԸ, Նաիրի ԲԱՄ ՓԲԸ, Վանաձորի բժշկական կենտրոն, Գորիսի բժշկական կենտրոն ՓԲԸ, «Իրա մեդիքլ գրուպ» ՓԲԸ»,- մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ԱՆ-ից:
Ախտորոշման ճշտում և սիմպտոմատիկ բուժում իրականացնում են նշված բոլոր հաստատություններում: Քիմիաթերապևտիկ բուժում չի իրականացվում դրանցից 3-ում՝ Վ. Ավագյանի անվան բժշկական կենտրոն ՍՊԸ, Շենգավիթ բժշկական կենտրոն ՓԲԸ, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն ՓԲԸ: Գորիսի բժշկական կենտրոն ՓԲԸ-ն չի իրականացնում վիրահատական բուժում: Ճառագայթային բուժում պետպատվերի շրջանակում իրականացվում է միայն Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում:
Առողջապահության նախարարի հրամանով՝ չարորակ հիվանդությունների վիրահատական և ճառագայթային բուժումներն ամբողջ բնակչության համար անվճար հիմունքներով են իրականացվում: Իսկ ովքե՞ր կկարողանան անվճար օգտվել մյուս ծառայություններից.
«Ռադիոգինեկոլոգիական (բրախիթերապիա) բուժումը սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց համար կլինի անվճար, իսկ անապահով, բայց հատուկ խմբում չընդգրկվածների համար՝ համավճարով: Բարորակ հիվանդությունների ճառագայթային բուժումը չարորակ հիվանդությունների սիմպտոմատիկ բուժումը սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց համար կլինի անվճար, իսկ անապահով, բայց հատուկ խմբում չընդգրկվածների համար՝ վճարովի»:
Չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական (Հոջկինի լիմֆոմա, ոչ հոջկինյան լիմֆոմա) հիվանդությունների քիմիապրեպարատների ծախսերը Առողջապահության նախարարությունը կհատուցի մասնակի. սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց համար քիմիաթերապևտիկ 1 կուրսի համար կփոխհատուցվի 60 հազար դրամ, իսկ մեկ հիվանդի համար՝ տարեկան 300 հազար դրամ, առանձին խմբերում չընդգրկվածների համար՝ ոչ ավելի, քան քիմիաթերապևտիկ 1 կուրսի համար՝ 30.0 հազար դրամ, իսկ մեկ հիվանդի համար՝ տարեկան 150,0 հազար դրամ:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ