«Սև ուրբաթ»-ին աշխարհի զեղչերը Հայաստանում հնարավոր չեն. Կարեն Չիլինգարյան
«Սև ուրբաթ»-ը տոն է, որն աշխարհը նշում է 19-րդ դարից: Այս օրերին աշխարհի տարբեր խանութներից կարելի է գնումներ կատարել մեծ զեղչերով: «Սև ուրբաթ» տերմինն առաջին անգամ հայտնվել է Ֆիլադելֆիայում և նշանակում էր՝ ճանապարհների խցանում ուրբաթ օրը՝ Գոհունակության տոնից հետո: Black Friday համաշխարհային շոփինգ իրադարձությանը Հայաստանը միացել է բոլորովին վերջերս: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ այնպիսի զեղչեր, ինչպիսին աշխարհում են լինում, Հայաստանում հնարավոր չեն: Փորձագետը հավատում է միայն 10-30 տոկոս զեղչերին:
«Ինչպես կարող է տնտեսվարողն ապրանքը գնել, ներկրել, մաքսազերծել, մեծ ծախսեր անել ու հանկարծ այդպիսի զեղչեր անել: Մեր շուկան շատ փոքր է՝ համեմատած խոշոր երկրների հետ, որտեղ հարյուր-հազարավոր ապրանքներ են վաճառում և կարող են մեկ օր 50-60-70 տոկոս զեղչ անել, այդպես իրենք իրենց համար գովազդ են անում, ժողովրդի համար են հետաքրքիր դառնում: Մեր երկրում այդպիսի զեղչերն իրականությանն այնքան էլ մոտ չեն, մի քանի հարյուր կամ հազար ապրանք վաճառողը չի կարող այդ ապրանքի գինն իջեցնել 50-60 տոկոս»,- ասաց Կարեն Չիլինգարյանը:
Հոգեբան Մարինե Մելոյանի խոսքով՝ զեղչերը մանիպուլյացիոն հնարք են տնտեսվարողների կողմից, որով նրանք հաճախորդ են գրավում: Հոգեբանը սպառողներին զգուշացնում է ուշադիր լինել:
««Զեղչ» բառն արդեն հրապուրում է սպառողին: Շատ հաճախ, երբ մենք տեսնում ենք, որ խանութի վրա գրված է՝ «զեղչ», մենք ակամա ներս ենք մտնում և ապրանք ենք գնում՝ անկախ նրանից, դա մեզ պե՞տք է, թե՞ ոչ»,- ասաց Մարինե Մելոյանը:
Կարեն Չիլինգարյանը վստահեցնում է՝ հիմա մեր սպառողներն ավելի պատրաստված են, տնտեսվարողներն էլ իրենց գործին լուրջ են վերաբերվում: Նկատել է՝ առավոտից խանութներում արդեն ակտիվություն կա, բայց այս ամենի նկատմամբ վերահսկողություն չի իրականացվում:
«Չկա պետական մի կառույց, որը զբաղվի սպառողների իրավունքներով, դա անում են ՀԿ-ները, սակայն միայն ուղղորդելու ու զանգերի միջոցով: Զանգահարում ենք տնտեսվարողին, բացատրում օրենքի դրույթները (օրինակ՝ գնված ապրանքը ենթակա է վերադարձի) և շատ դեպքերում հարցը լուծվում է, բայց լինում են նաև դեպքեր, երբ չի լուծվում, այդ պարագայում միակ ճանապարհը դատարանն է, կամ, եթե խոսքը ֆինանսականին է վերաբերում, Ֆինանսական համակարգի հաշտարարը»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ